Թուրքիան և Ադրբեջանը հպատակեցնում են Վրաստանն ու նշանառության տակ առնում Հայաստանը

Վերջերս Ռուսաստանը ուշադիր հետևում էր Վրաստանում տեղի ունեցող գործընթացներին: Բացի նրանից, որ այս երկիրը թշնամական քաղաքականություն է վարում Ռուսաստանի նկատմամբ, դիտարկման և վերահսկման լրացուցիչ պատճառ է հանդիսանում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Վրաստանի աստիճանական, փուլային կլանման գործընթացը: Մենք դեռ այս տարվա հունիսին գրել էինք, որ նույնիսկ վրաց զինվորականներն են վախենում, որ իրենց հանրապետությունը կարող է օկուպացվել թուրքերի կողմից: Բայց ռուսաստանյան մի շարք հրապարակումներ թույլ են տալիս հասկանալ․ Վրաստանում թուրքերի և կովկասյան թաթարների ուժեղացումը չի գոհացնում Ռուսաստանի ղեկավարությանը: Այժմյան իրավիճակը զրոյից չի առաջացել: Թուրքերը Վրաստանը միշտ օգտագործել են որպես «անցումային բակ»: Անկարայի համար Վրաստանի կարևորության մասին վկայում է այն փաստը, որ արդեն 1992թ. վերջին վարչապետ Սուլեյման Դեմիրելիի պաշտոնական այցի ընթացքում ստորագրվել են «Կովկասյան տարածաշրջանում բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության ամրապնդման մասին» պայմանագիրն ու Խաղաղության, անվտանգության և համագործակցության հռչակագիրը: Ավելին՝ Անկարան անմիջապես միջամտել է Թբիլիսիի ներքին քաղաքականությանը, քանի որ 1992-ի հոկտեմբերի 13-ին Թուրքիայի Մեծ Ազգային ժողովը հայտարարել է իր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը:

Երկկողմ հարաբերությունների հաջորդ հանգրվանը 1999 թ. նոյեմբերի 18-ին Վրաստանի ու Ադրբեջանի նախագահների և Թուրքիայի վարչապետի կողմից Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի նախագծի վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի ստորագրումն է: Նավթամուղը գործում է Բաքվի նավթատար շրջանի՝ Գյանջա – Թբիլիսի-Բաթումի երթուղով, որն անցնում է հիմնական երկաթուղիներին և մայրուղիներին զուգահեռ: Այդ ուղիներն անցնում են Հայաստանի (մոտ 25 կմ) և Հարավային Օսիայի սահմանների (մոտ 10 կմ Ագարայի շրջանում) հարևանությամբ, այսինքն՝ դրանք ամբողջությամբ վերահսկվում են ռուսական զինված ուժերի կողմից: Համենայն դեպս, առայժմ․․․

Թուրքական ազդեցության հատուկ առաջխաղացումը եղավ Միխայիլ Սահակաշվիլիի նախագահության տարիներին: 2004-ին թուրքերն ավարտել են Մառնեուլիի ռազմական օդանավակայանի վերակառուցումը, որի արժեքը 3 մլն դոլար էր: Հետագա զարգացում է ստացել թուրքական ֆինանսական օգնությունը վրացական բանակին: 1998-2008 թթ. Անկարայի անհատույց ռազմական օգնությունը կազմում էր 40-45 միլիոն դոլար: Համագործակցությունը միայն ֆինանսավորմամբ չի սահմանափակվել: Թուրք մասնագետները օգնել են Սենակիում կառուցել ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող ռազմակայան: Այդ ռազմակայանը գտնվում է Աբխազիայի սահմանի մոտ: Մինչև 2008 թ. «Սովորեցրու և սարքավորիր» ծրագրի շրջանակներում Թուրքիայում վերապատրաստվել է վրացի 600 հատուկջոկատային: Նույն ժամանակահատվածին են պատկանում շահագործման հանձնված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի շահագործման սկիզբը: Սակայն, երբ զարգանում էր Սահակաշվիլիի ռեժիմին խաղաղություն (Հարավային Օսիայում) պարտադրելու ռուսական ռազմական գործողությունը, ամբողջ աշխարհը տեսել է, թե ինչպես էին բառացիորեն «լքելով ամեն ինչ», թուրք զինվորականներն ու ինժեներները փախչում Վրաստանից: Բացի դրանից, Թուրքիան հաջողել է դառնալ Վրաստանի գլխավոր առևտրային գործընկերը: 2019 թվականին առևտրի ծավալը կազմել է 1,85 միլիարդ դոլար: Այս ժամանակ թուրքական ընկերություններն իրացրել են 4,8 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ 258 ծրագիր, որոնցից շուրջ 1,5 միլիարդը ընկնում են Աջարիային, որտեղ հյուրանոցների և խանութների մեծ մասը պատկանում են թուրքական ընկերություններին: Կարևոր է նշել, որ Վրաստանում թուրքական բիզնեսը օգտագործում է թուրքական աշխատուժ: Շոշափելի է թուրքական ֆինանսական հաստատությունների ներկայությունը Վրաստանում, որոնցից ամենանշանավորը Իշբանկն է` Թբիլիսիի և Բաթումի մասնաճյուղերով: Եվ իզուր չէ, որ առողջ բանականությամբ վրացիները ավելի ու ավելի հաճախ են տագնապով խոսում այն ​​մասին, որ Թուրքիան արդեն իսկ օկուպացնում է Աջարիան

Թուրքական քաղաքականության մեկ այլ գործիք է Յունուս Էմրեի ինստիտուտի գործունեությունը, որը պատասխանատու է թուրքական լեզվի և մշակույթի խթանման համար: Թուրքական մշակույթի և լեզվի խթանմանն ուղղված գործողությունները վտանգավոր են Վրաստանի համար՝ կապված կոմպակտ ապրող մեծ թվով թյուրքախոս բնակչության առկայության հետ: Սրանք ոչ միայն կովկասյան թաթարներ են, այլև մեսխեթցի թուրքեր: Դրան պետք է գումարել Դավիթ Գարեջոյի վանական համալիրի շուրջ Ադրբեջանի հետ տարածքային հակամարտությունը: Բաթումի և Թբիլիսիի օդանավակայանները ղեկավարում է թուրքական TAV Airports հոլդինգը (դրանք կառուցել է նույն ընկերությունը): Թուրքական ներկայությունը նկատելի է նաև էներգետիկ ոլորտում, օրինակ՝ Կիրնատի ՀԷԿ-ը կառուցվել է Achar Energy 2007-ի կողմից:

Մեկ այլ կարևոր ոլորտ է Վրաստանի իսլամացումը: Իսլամը սատարելու գործով զբաղվում են Թուրքիայի կրոնական գործերի գրասենյակը և թուրքական ընկերությունները: Վարչության գործունեության ամենակարևոր ուղղություններից մեկը՝ Վրաց ուղղափառ եկեղեցու դեմ պայքարն է, առաջին հերթին`Աջարիայի շրջանում իր միսիոներական արդյունավետ գործունեությամբ: Հայտնի է, որ Աջարիայի բնակչության մոտ կեսը իրենց չեն նույնականացնում ավանդական իսլամի և իսլամական մշակույթի հետ: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 2015 թվականին Աջարիայում ապրում էին մահմեդական վրացիների միայն մոտ 40%-ը: Միգուցե վերջին տարիներին մզկիթների և մեդրեսների թվի աճը որոշակիորեն փոխել է ուղղափառ և սուննի մահմեդականների հարաբերակցությունը: Բացի դրանից, Թուրքիայի քաղաքացիները, Միխայիլ Սահակաշվիլու կառավարության հաստատմամբ, 2004 թվականից սկսած Բաթումում գնել են անշարժ գույքի զգալի մասը, ինչը խրախուսելի չէր Ասլան Աբաշիձեի կառավարության օրոք: Այսպիսով, տեղի է ունենում Աջարիայի սողացող թրքացում, որտեղ տեղակայված է ռազմավարական նշանակություն ունեցող Բաթումի նավահանգիստը, միավորվում են ամենակարևոր ենթակառուցվածքային օբյեկտները, և ի հայտ է եկել բնակչության թրքամետ շերտ: Սրա վերջը կարող է լինել Աջարիայի միացումը Թուրքիային, այդ թվում՝ասոցացման կամ ինքնավարության իրավունքների հիման վրա, կամ Կոսովոյի սցենարի մասնակի իրականացումը, սակայն վրացական իշխանությունների լիակատար համաձայնությամբ, որոնք չեն նկատվել իրենց երկրի շահերը պաշտպանելիս: Կարևորագույն դեր է խաղում այն, որ վրացական ուղղությունը միակն է Թուրքիայի համար, որտեղ նեոօսմանիզմի ռազմավարական նպատակներն ու իդեալները «Ազգային ուխտի» հետ համատեղ կարող են իրականացվել խաղաղ ճանապարհով: Ներկայում Էրդողանի վարած քաղաքականության շնորհիվ Թուրքիան հայտնվել է թշնամական կամ Թուրքիային զգուշավոր հետևող և ամեն պահի միջամտելու պատրաստ երկրների շրջանում: Թուրքիայի տնտեսությունը վատ է համապատասխանում արտաքին քաղաքական հավակնությունների իրականացմանը, Թուրքիան դեռ չունի իր սեփական նավթագազային հանքավայրերը: Այս պայմաններում Ադրբեջանից էներգակիրների մատակարարումը կենսական նշանակություն է ստանում, և դրանց ապահովման կամ վերահսկման համար Վրաստանի տարածքը առանցքային է: Անկախ Ադրբեջանը Անկարայի ռազմավարական դաշնակիցն է, միջազգային մակարդակում նա աջակցում է Թուրքիային, այդ թվում՝ վրացական ուղղությամբ: Այսպիսով, Վրաստանի թուլությունը դարձել է Թուրքիայի և Ադրբեջանի ակտիվ էքսպանսիայի պատճառ: Այն ամենը, ինչ մենք նկարագրել ենք, նորություն չէ. տարիներ շարունակ մենք Հայաստանում դա գիտեինք և գիտենք: Բայց, երբ այժմ հակահայրենասիրական ուժերը իշխանության մեջ են՝ պատրաստ համբուրելու թուրքերի կրունկները, Թուրքիայի կողմից սպառնալիքներն ավելանում են նաև Հայաստանի և հայության համար…

Սերգեյ Շաքարյանց