Տողի մելիքական ապարանքի տարածքում կազմակերպվել է «Գուպար» ազգային-ավանդական խաղերի մրցույթ

Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ Տողի մելիքական ապարանքի տարածքում կազմակերպվել է «Գուպար» ազգային-ավանդական խաղերի մրցույթ՝ նվիրված ԱՀ հռչակման 29-րդ տարեդարձին:

«Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել է Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանը:

Նրա խոսքով, հաշվի առնելով Պարետի որոշումները, մրցույթին մասնակցել են Հադրութի շրջանի միայն վեց համայնքների 18-25 տարեկան երիտասարդներ: Մրցույթի հանձնախմբում ընդգրկված էին տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:

«Մրցույթի նպատակն է նոր շունչ հաղորդել ազգային-ավանդական խաղերին, որոնք կարծես թե, մոռացության են մատնվել այսօրվա սերնդի կողմից: Այդ խաղերը ոչ միայն երիտասարդներին զբաղեցնելու, այլև նրանց կրթելու միջոց են: Ազգային-ավանդական խաղերը դեռ մանկուց ազդել են երեխաների ոչ միայն ֆիզիկական կարողությունների զարգացմանն ու կոփմանը, այլև օգնել են երեխաների մեջ զարգացնել հնարամտություն և մրցակցության գաղափար»,- նշել է Ե. Հայրիյանը:

Մրցույթում հաղթող է ճանաչվել Այգեստան համայնքը: Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի կողմից հաղթողներն արժանացել են պատվոգրերի:

Ե. Հայրիյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման աջակիցներին՝ Հադրութի շրջվարչակազմի ղեկավարությանը, «Արարիչ» և «Արարատ» բարեգործական հիմնադրամներին, ինչպես նաև շրջկենտրոնի մանկապատանեկան մարզադպրոցի աշխատակիցներին: