Թրամփը անկարգությունների կենտրոններ դարձած քաղաքներին ցանկանում է զրկել ֆինանսավորումից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուշագիր է ստորագրել, որի նպատակն է դադարեցնել այն քաղաքների պետական ֆինանսավորումը, որոնք դաշնային իշխանության տեսակետից անբավարար են պայքարում անկարգությունների դեմ:

«Իմ վարչակազմը թույլ չի տա, որ դաշնային հարկային դոլարները ֆինանսավորեն այն քաղաքները, որոնք կամովին վերածվել են անօրինականության գոտիների»,- ասվում է հուշագրում:

Այս միջոցառումները պետք է տարածվեն Սիեթլում, Պորտլենդում, Նյու Յորքում և Վաշինգտոնում: Երկու շաբաթվա ընթացքում Սպիտակ տունը կորոշի, թե ինչպես պետք է նախարարությունները կզեկուցեն այս քաղաքների ֆինանսավորման մասին: Մեկ ամսվա ընթացքում Սպիտակ տունը կպատրաստի առաջարկություններ, թե ինչպես զրկել այդ քաղաքներին դաշնային օգնությունից: Գլխավոր դատախազին հանձնարարվել է պաշտոնապես հրապարակել «անարխիայի գոտիներ» համարվող քաղաքների ցուցակը:

«Անարխիան վերջին շրջանում գրավել է մեր որոշ նահանգներ և քաղաքներ: Վերջին մի քանի ամիսների ընթացքում որոշ նահանգային և տեղական իշխանություններ իրենց իրավասությունների շրջանակում նպաստել են բռնությանը՝ չկիրառելով օրենքներ, ոստիկանության վարչություններին զրկելով լիազորություններից կամ ֆինանսավորումից և հրաժարվելով դաշնային իրավապահ մարմինների օգնության առաջարկներից», – ասվում է հուշագրում:

Մայիսի վերջից ոստիկանական բռնության և ռասիզմի դեմ բողոքի և անկարգությունների ալիքը հասել է Միացյալ Նահանգների շատ խոշոր քաղաքներ, իսկ հետո նաև աշխարհի մի շարք երկրներ՝ Մինեապոլիսում ոստիկանության կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին ձերբակալելու ժամանակ վերջինիս մահից հետո:

Մի քանի անգամ Թրամփը հրապարակավ հակադրվել է նահանգի և քաղաքային իշխանություններին՝ պահանջելով, որ նրանք թույլ տան դաշնային ստորաբաժանումներ մտցնել անկարգությունները ճնշելու համար: