Վրաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 20 նոր դեպք

Վրաստանում նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակման 20 նոր դեպք, ևս 9 մարդ առողջացել է:  Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում անելով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1568 դեպք, վարակվածներից 1279-ն առողջացել է, 19-ը` մահացել:

6185 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 215-ը հսկողության տակ է հիվանդանոցներում:

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կոչ է արել համապատասխան ծառայություններին՝ խստացնել անվտանգության միջոցառումները:

«Ուզում եմ քաղաքապետարանին կոչ անել, որ հանրային տրանսպորտում, առևտրային օբյեկտներում արդեն իսկ հաստատված նորմերի խստացումներ լինեն, քանի որ այժմ սեպտեմբեր է, հանգստացողները վերադառնում են քաղաք, սկսում ապրել սովորական առօրյայով, գնում են աշխատանքի, և մենք բոլորս պետք է հարմարվենք այն մտքին, որ, ցավոք, ինչ-որ շրջան ստիպված ենք ապրել նման սահմանափակումների ու անհարմարավետության պայմաններում»,- ասել է Գախարիան:

Նշենք, որ Վրաստանի դպրոցները կգործեն սեպտեմբերի 15-ից:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում  26 184 512 է, մահացել է 867 374 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: