Պուտինը և Լուկաշենկոն կհանդիպեն Մոսկվայում

Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը տեղի կունենա առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում Մոսկվայում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Սա ընդգծում է մեր փոխադարձ տրամադրվածությունը` հետագայում զարգացնելու հավասար, փոխշահավետ հարաբերություններ, այդ թվում`Միութենական պետության շրջանակներում», – նշել է նախարարը:

Այսօր Մոսկվայում բանակցություններ են ընթանում Լավրովի ու նրա բելառուս գործընկեր Վլադիմիր Մակեյի միջև: Սա Մակեյի առաջին այցն է Ռուսաստան՝ Բելառուսում նախագահական ընտրություններից հետո, որի արդյունքները բողոքի զանգվածային ակցիաներ են առաջացրել:

Ռուսաստանի նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ Բոգդան Բեզպալկոն նշել է, որ արտգործնախարարները, ամենայն հավանականությամբ, կքննարկեն Ալեքսանդր Լուկաշենկոյի Ռուսաստանի մայրաքաղաք ժամանման նախապատրաստական ​​աշխատանքները: Այցի ստույգ ամսաթիվը դեռ չի համաձայնեցվել:

Բացի դրանից, հինգշաբթի օրը Մինսկ կայցելի Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը: