Այսօր մենք ստեղծել ենք քաղաքական պայքարի բավականին լուրջ գործիք, ստեղծվել է բավականին լավ, ֆունկցիոնալ թիմ. Ռ. Քոչարյան

ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույց է տվել ռուսական РБ  հեռուստաալիքին: Լրագրողը հարցրել և ստացել է Հայաստանի երկրորդ նախագահի տեսակետները քաղաքականություն վերադարձի, «թավշյա հեղափոխության» պատճառների, Բելառուսում իրավիճակի, Ադրբեջանի հետ հակամարտության, Արցախի խնդրի կարգավորման, Սերժ Սարգսյանի, Հայաստանի տնտեսության ու առաջիկա ծրագրերի մասին:

Լրագրողի հարցին, թե ինչով է զբաղվում ՀՀ երկրորդ նախագահն այժմ, Ռ. Քոչարյանը պատասխանել է. «Զբաղվում եմ քաղաքականությամբ, հարցազրույցներով, ինչպես նաև տարբեր հոբբիներ` սպորտ, ընթերցանություն, աշխատում եմ երկրորդ գրքիս վրա, որի սյուժեն դեռևս ավարտված չէ… Ես արդեն ունեմ իմ առաջին ինքնակենսագրական գիրքը, որով ամփոփել էի իմ քաղաքական կյանքը` հեռանալով նրանից, ինչպես ինձ էր թվում՝ ընդմիշտ: Սակայն քաղաքականությունն ինքը վերադարձավ ինձ մոտ, և երկրորդ գիրքը կլինի շարունակության, վերադարձի և այն ամենի մասին, ինչ կատարվում է հիմա»:

Լրագրողը նախկին նախագահից հետաքրքրվել է, թե ինչ է արվել այս երկու տարիներին` սկսած այն պահից, երբ Ռ. Քոչարյանը հայտարարեց քաղաքականություն վերադարձի մասին, ինչին ի պատասխան ՀՀ երկրորդ նախագահն ասել է. «Ես քաղաքականությունից, պաշտոնից հեռացել էի մեծ համոզմամբ, որ հեռանում եմ ընդմիշտ՝ մտադիր լինելով զբաղվել մի ավելի հետաքրքիր, նոր բանով: Սակայն շրջադարձը կյանքում կտրուկ էր: Ստիպված եղա ամեն ինչ զրոյից սկսել: Այսօր մենք ստեղծել ենք քաղաքական պայքարի բավականին լուրջ գործիքներ: Ստեղծվել է բավականին լավ, ֆունկցիոնալ թիմ` բավականին լավ ներկայացված լրատվական դաշտում, սոցիալական ցանցերում: Դրանք այն գործիքներն են, առանց որոնց այսօրվա պայմաններում քաղաքական պայքար հնարավոր չէ: Դրա վրա 1,5-2 տարի ծախսվեց»:

Երկրորդ նախագահը մեկնաբանել է նաև 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» պատճառները:

«Իշխանության մոտ հոգնածություն էլ կար, սակայն երկրում կար նաև պոպուլիստական ալիքի միտում, որը տարածվել էր նաև ամբողջ Եվրոպայում: Դա երևի կապված է նաև սոցիալական ցանցերի զարգացման, տեղեկատվական դաշտի ապակենտրոնացման հետ: Իշխանությունը չէր հասցրել հարմարեցնել իր քաղաքական գործիքներն այդ իրավիճակին: Թվացյալ տեղեկատվական քաոսը, այնուամենայնիվ, ղեկավարվում էր: Այն ուժերը, որոնք օգտվեցին այդ իրավիճակից, այդ թվացյալ քաոսը բավականին լավ ղեկավարում էին: Դա նաև ճիշտ կիրառված տեխնոլոգիաներն էին: Իմ կարծիքով՝ դա շատ գրագետ և լավ աշխատեցված տեխնոլոգիա էր, և իհարկե, եթե որոշակի հիասթափություն չլիներ, այդ տեխնոլոգիան չէր աշխատի»,-նշել է ՀՀ երկրորդ նախագահը: