Կարելի է պատկերացնել, թե Ադրբեջանում հիմա ինչ ուրախություն է՝ շնորհիվ Անդրանիկ Քոչարյանի

Թերևս բոլորին է հայտնի, որ պատերազմը ոչ միայն ռազմի դաշտում է լինում, այլև տեղեկատվական, հոգեբանական և այլ ասպարեզներում: Նույնիսկ հատուկ հասկացություններ կամ եզրեր կան` «տեղեկատվական պատերազմ», «հոգեբանական պատերազմ»

Եվ, ահա, հիմա Ադրբեջանը տեղեկատվական պատերազմում հայերիս նկատմամբ հաղթանակ է տոնում շնորհիվ «ՀՀ Ազգային ժողով» կոչվածի 2016 թվականի ապրիլին ծավալված մարտական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարության, որ ադրբեջանական «Յաշմա» էլիտար հատուկ ջոկատը Ապրիլյան քառօրյայի ընթացքում լուրջ հաջողությունների է հասել։

Ամեն ինչ շատ պարզ է. մենք Ապրիլյան քառօրյայից հետո, ընդհուպ մինչև վերջերս փաստարկված կերպով հերքում էինք դա` ընդգծելով «Յաշմա» էլիտար հատուկ ջոկատի (Ադրբեջանի ՊՆ 052-րդ հատուկ նշանակության բրիգադի, որն առավել հայտնի է «Յաշմա» կամ «Կապույտ բերետներ» անվամբ) խոշոր կորուստները, ըստ էության, ջախջախումը և իր հիմնական նպատակին չհասնելը (Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունն այդ ամբողջ ընթացքում իրականությունը ներկայացնում էր գլխիվայր շրջված): Բայց հիմա Անդրանիկ Քոչարյանը, որը մասնավոր անձ չէ, այլ ԱԺ պատգամավոր, պետական բարձրաստիճան պաշտոնյա, հիշյալ հանձնաժողովի նախագահը, հայտարարել է այն, ինչ ասում էր և ասում է Ադրբեջանը:

Անդրանիկ Քոչարյանը և ադրբեջանական քարոզչամեքենան «Յաշմա» ջոկատին Ապրիլյան քառօրյայի ընթացքում լուրջ հաջողություններ վերագրելով, գուցե նկատի ունեն ա՞յն, որ «Յաշմա»-ի հրոսակները չբավարարվելով Թալիշում Վալերա Խալափյանին և նրա կնոջը՝ Ռազմելային, գնդակահարելով, կտրել են նրանց ականջները։ Դե, իհարկե, ադրբեջանական տեսանկյունից դա լուրջ հաջողություն է:

Հնարավոր է նաև, որ Անդրանիկ Քոչարյանը Ապրիլյան քառօրյայի ընթացքում «Յաշմա» էլիտար հատուկ ջոկատի լուրջ հաջողությունների մասին հայտարարելով, նկատի է ունեցել Թալիշի և Լելե-թեփեի՝ Վարազաթմբի բարձունքներում հայկական կողմի շուրջ 800 հեկտար տարածքային կորուստները: Բայց սա կարելի՞ է համարել հաջողություն այն պարագայում, երբ «Յաշման» կորցրել է իր կազմի կեսից ավելին,  հրամկազմը հիմնականում ոչնչացվել է, ջոկատը դարձել անմարտունակ, իսկ գրաված տարածքն էլ ոչ միայն ամայի է, այլև չունի ռազմավարական նշանակություն…

Անդրանիկ Քոչարյանը հիմա հայկական կողմի հաջողությա՞ն մասին կխոսեր, եթե նշված տարածքի կորստից հետո մեր զինվորականներին հրաման տրված լիներ այն հետ գրավել և, ասենք, 100 զինվորի ու սպայի կյանքի գնով հիշյալ տարածքը վերադարձված լիներ… Թե՞ խստագույնս կքննադատեր մեր այն ժամանակվա ռազմաքաղաքական ղեկավարությանը` ռազմավարական նշանակություն չունեցող տարածքը վերադարձնելու նպատակով այդ 100 հայի կյանքը զոհելու համար… Հարցի պատասխանը, կարծում ենք, բոլորին է պարզ. իհարկե՛, կքննադատեր ու կշահարկեր այդ փաստը, և, հնարավոր է, ոչ միայն անձնապես, այլև իր ղեկավարած հանձնաժողովի հետ միասին:

Նշված տարածքը գրավվել է ոչ թե մեր ռազմաքաղաքական ղեկավարության սխալի, սպաների, զինվորների վատ կռվելու, այլ «Յաշմա»-ի և Ադրբեջանի ԶՈւ այլ ստորաբաժանումների իրականացրած «բլիցկրիգի» հետևանքով: Հնարավոր է, կա ևս մեկ պատճառ, որի մասին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, Արցախի այն ժամանակվա ռազմաքաղաքական ղեկավարությունը չեն խոսում, քանի որ այն պետական գաղտնիք է, և համապատասխան բացահայտումը գուցե Արցախյան հիմնախնդրի քաղաքական հանգուցալուծումից հետո կարվի:

Դատելով ամենից, Անդրանիկ Քոչարյանն անտեսում է 800 հեկտարի ժամանակավոր կորստի իրական պատճառը կամ պատճառները, կամ էլ դա նրան չի հետաքրքրում, և «Յաշմա»-ի լուրջ հաջողությունների մասին նրա հայտարարության բուն նպատակը մեր ռազմաքաղաքական ղեկավարության, սպաների սխալի, համապատասխան միջոցներ չձեռնարկելու մասին ակնարկելն է, Ապրիլյան քառօրյայի հաղթանակը ստվերելը: Մնում ես ապշած` Անդրանիկ Քոչարյանը Հայաստանի և հա՞յ պաշտոնյա է, թե՞ Ադրբեջանի պաշտոնյա` թուրք, հրեա կամ չգիտես ով: «Յաշմա»-ի լուրջ հաջողությունների մասին հայտարարելիս, Քոչարյան Անդրանիկի բերանն ինչու չի՞ զորացել «Յաշմա»-ին ջախջախած, նրա առաջխաղացումը կասեցրած ու հետ շպրտած մեր հատուկջոկատայինների, հետախույզների եթե ոչ սխրանքի, ապա առնվազն լուրջ հաջողությունների մասին խոսել: Չէ՞ որ հակառակ պարագայում, եթե նույնիսկ մի պահ համարենք, թե «Յաշման» իսկապես լուրջ հաջողություններ է ունեցել, ստացվում է, որ Քոչարյանը կիսաճշմարտությունն է ասել, որը կեղծիքի ամենանուրբ ու վտանգավոր տեսակն է:

Ազատամարտիկ, ռազմական ու հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը Անդրանիկ Քոչարյանի հիշյալ հայտարարության առնչությամբ «Ֆեյսբուք»-ի իր էջում մասնավորապես գրել է.

«Անհայրենիք ու հոգով որբ է այն հայը, ով կեղծ խաղաղասիրության քողի տակ գովերգում է ցեղասպան թուրքին, ադրբեջանցուն: Քոչարյան Անդրանիկի «փառապանծ յաշմա» թեզը, Փաշինյան Նիկոլի «կառուցողական և կիրթ Ալիև» թեզի երկրորդ արարն է պարզապես: Իրականում մեր ժողովուրդը և պետությունը իշխանության ծուղակում է, ապազգային և քաղաքական սպեկուլյացիայով զբաղվող իշխանության ծուղակում: Կեղտոտ և անբարո, չափազանց անբարո խաղ են սկսել՝ տավուշյան մարտերը հաղթանակ, ապրիլյան լայնածավալ ռազմական գործողությունները պարտություն, հնարքով:

Ինչ են անում. հիմա էլ մեր հաղթանակներն են բաժանում սև ու սպիտակի, յուրայիննների և օտարների, այն հաղթանակները, որոնցից և ոչ մեկի հետ ոչ մի կապ չունեն: Վերջին 30 տարվա մեր ռազմական խրոնիկայից մի քանի դիտարկում.

Արցախյան ազատագրական պայքարում մենք ագրեսոր Ադրբեջանից ազատագրեցինք մեր սրբազան հայրենիքը:

1994 թվականին կնքվեց զինադադար:

2016 թվականի ապրիլին Ադրբեջանը լայնածավալ հարձակման փորձ կատարեց, որը լռեցվեց 4 օրում, փայլուն հաղթանակով և ապացուցեցինք, որ Արցախի հարցը այլևս չունի ռազմական լուծում, պարտադրեցինք վերդառնալ 94-ի զինադադարի պայմանավորվածությանը:

2020 թվականի հուլիսին դիքային մարտեր ծավալվեցին, մենք դարձյալ հաղթեցինք:

Այսուհանդերձ, ռազմական գործողություններն էլ ունեն մասշտաբային, ծավալային և նպատակային բաժանումներ, տեսակներ:

Օրինակ՝ 94 թվականի զինադադադարը 5 տարի տևած լայնածավալ պատերազմի հաղթանակ էր:

2016 թվականի քառօրյան՝ լայնածավալ մարտական գործողությունների հաղթանակ, որովհետև հակառակորդը հարձակման էր անցել արցախա-ադրբեջանական սահմանի առաջնագծի ամբողջ երկայնքով:

2020 թվականի հուլիսին Տավուշում, դիրքային հարձակում էր, որը կասեցվեց դիքային մարտերում մեր հաղթանակով:

Հիմա. ինչ անուն տաս այս ինքնանպատակ քայլածների իշխանությանը, երբ փորձում են անգամ մեր ազգային հաղթանակները գլխիվայր շրջել:

Ինչ են անում, ուրեմն՝ 94 թվականի մեր ազատագրական պայքարի հաղթանակը, ի սկզբանե էին փորձում վարկաբեկել, թիրախավորելով այդ ճանապարհով անցած հերոսներին: Հիմա էլ հասել են ապրիլյանին:

Փաստացի, ըստ այս ապազգայինների, միայն տավուշյան դիրքային մարտերն են հաղթանակ:

Պարզ է, խայտառակ ձախողումներից, սուտ խոստումներից, ապազգային ծրագրերից հետո թաքնվելու տեղ են փնտրում, իրենց տեսակին համապատասխան: Տավուշյանը պարզապես վահան են դարձնում, իրենց իշխանությունը երկարաձգելու և հարմար պահին՝ հաղթանակած իշխանության տիտղոսով հեռանալու համար:

Չեղա՛վ անհարգելի ապազգայիններ, չեղա՛վ»:

Ժամանակին Խորհրդային Միությունում, որի մասն էր նաև Ադրբեջանը, երգել են` այսքան ուրախ կյանքը մեզ ընկեր Ստալինն է տվել: Եթե Անդրանիկ Քոչարյանն այսպես շարունակի, բացառված չէ, որ Ադրբեջանում սկսեն երգել` այսքան ուրախ կյանքը մեզ Քոչարյան Անդրանիկն է տվել:

Արթուր Հովհաննիսյան