Ջորջ Սորոսն աշխարհի ոչ թե խոշորագույն բարերարներից, այլ չարերարներից մեկն է

Հայաստանում ԼԳԲՏ-ներին հովանավորող նրա կազմակերպության գործունեությունը պետք է արգելվի

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությունը, ինչպես և աշխարհի այլ երկրներում գործող «Բաց հասարակության հիմնադրամները» հիմնադրել և ֆինանսավորում է ԱՄՆ-ի քաղաքացի, միլիարդատեր, աշխարհի գլոբալիստական ուժերի կարկառուն ներկայացուցիչ Ջորջ Սորոսը, որն այս կազմակերպության կայքում ներկայացվում է իբրև մոլորակի խոշորագույն բարերարներից մեկը:

Սորոսը, միաժամանակ, հիմնադրամի տնօրենների ընդհանուր խորհրդի նախագահն է: «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» կազմակերպությունը ոչ վաղ անցյալում ֆինանսավորվում էր, թերևս հիմա էլ ֆինանսավորվում է նաև Հոլանդիայի և Նորվեգիայի կառավարությունների կողմից: Եթե հավատանք պաշտոնական տեղեկատվությանը, կառույցի ռազմավարությունը մշակողը տնօրենների խորհուրդն է: Կազմակերպության ռազմավարական ծրագրերի իրագործմանը հսկայական գումարներ են նպատակաուղղվում: Հիշյալ հիմնադրամն անվանվում է նաև «Սորոսի հիմնադրամ» և առավելապես հայտնի է այդ անվամբ:

«Սորոսի հիմնադրամ»-ի կենտրոնական կազմակերպությունը գրեթե ամբողջ աշխարհում ունի իր կառույցները: Որոշ երկրներում «Սորոսի հիմնադրամը» փակել են, արգելել նրա գործունեությունը, սակայն այդ կառույցը նման դեպքերում փոխում է իր անվանումը, գործում ուրիշի անվան տակ, ստեղծում երիտասարդական ընդդիմադիր կազմակերպություններ:

«Բաց հասարակության հիմնադրամները»  Հայաստանում հիմնադրվել և սկսել է գործունեությունը 1997 թվականին, երբ ՀՀ նախագահը մասոն Լևոն Տեր-Պետրոսյանն էր, որի հետ միասին Նիկոլ Փաշինյանը 2018թ. ցանկանում էր Հայաստանում հեղաշրջում իրականացնել:

Հայտնի է, որ Վրաստանի «Վարդերի հեղափոխության» ժամանակ «Սորոսի հիմնադրամն» ակտիվ մասնակցություն է ունեցել: Իբրև շնորհակալություն հաջողված հեղափոխության գործում ունեցած ավանդի համար, հիմնադրամի տեղական կառույցի ղեկավարին Վրաստանի կառավարությունում մի պատկառելի պաշտոն տրվեց:

«Սորոսի հիմնադրամը» նմանաբնույթ մասնակցություն է ունեցել նաև Սերբիայում, ինչպես նաև Ուկրաինայի «Նարնջագույն հեղափոխության» և Հայաստանի «Թավշյա հեղափոխության» ընթացքում: Այս կապակցությամբ, մինչ Հայաստանի «Թավշյա հեղափոխություն» կոչվածը, Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի բացատրությունը եղել է հետևյալը. «Վրաստանում «Վարդերի հեղափոխություն» եղավ, Վրաստանի հիմնադրամը տեղական նշանակության կազմակերպություն էր և անում էր իր հայտարարությունները: Իսկ Ուկրաինայի դեպքում «նարնջագույններին» հիմնադրամի կողմից եղած աջակցությունը որևէ կերպ ապացուցված չէ»:

Մի՞ թե… Իհարկե, ապացուցված չլինելն ընդամենը Լարիսա Մինասյանի կարծիքն է, և միանգամայն հասկանալի է, որ հիմնադրամի գործադիր տնօրենը հենց այդպես էլ պետք է ասեր: Իսկ այն, որ Վրաստանի հիմնադրամը նրա կողմից տեղական նշանակության կազմակերպություն է հայտարարվել, բնավ չի նշանակում, թե այն սերտ կապեր չի ունեցել «Սորոսի հիմնադրամ»-ի կենտրոնական մարմնի հետ: Չէ՞ որ Լարիսա Մինասյանի ղեկավարած կառույցն էլ տեղական և ոչ թե համաշխարհային նշանակության կազմակերպություն է:

Ըստ տարիներ առաջ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրենի ասածի, «Հիմնադրամը սկզբունքորեն որևէ քաղաքական ծրագիր չի կատարում և չի աջակցում որևէ քաղաքական կողմի»: Մինչդեռ, Լարիսա Մինասյանն ինքն է նշել, որ իր ղեկավարած կազմակերպության 2008թ. գործունեության առանցքը հանդիսանում են նախընտրական և հետընտրական զարգացումները»: Այդ մասին վկայում էր նաև կազմակերպության տարեկան հաշվետվությունը:

Մինսկում օրերս տեղի ունեցածը և ներկայում էլ այնտեղ ծավալվող զարգացումները բավական նման են 2018թ. փետրվար-մարտին Երևանում կատարվածին, և որևէ կասկած չկա, որ Բելառուսի մայրաքաղաքում կատարվածում նույնպես «Սորոսի հիմնադրամի» մատը, այս կամ այն կերպ, խառն էր, և այժմ էլ նշված հիմնադրամի էական դերակատարությունն այնտեղ առկա է:

Արթուր Հովհաննիսյան