Զոհրաբ Մնացականյանի մասին դիտարկվել են և՛ բացասական, և՛ դրական հոդվածներ. «Մեդիա պաշտպան»

2020թ-ի օգոստոսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 121 հոդված, որոնցից 21-ը եղել է բացասական, 5-ը՝ դրական, 95-ը՝ չեզոք։

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մասին դիտարկվել են և՛ բացասական, և՛ դրական հոդվածներ։ Բացասականը գերակշռում է։

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը, անդրադառալով Արցախյան բանակցային գործընթացին, գրել է. «Ես դժգոհ էի, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նոր հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է վերսկսել բանակցություններն Ադրբեջանի հետ, կարծես թե հուլիսի սկզբի հարձակումները տեղի չեն ունեցել: Միայն այն դեպքում Ադրբեջանը զերծ կմնա Հայաստանի և Արցախի դեմ նոր գրոհներ կազմակերպելուց, եթե շատ թանկ գին վճարի, թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական առումով»:

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը, անդրադառնալով արցախյան հիմնախնդրին և ՀՀ վարած քաղաքականությանը, գրել է. «Վստահ եմ, Զոհրաբ Մնացականյանը Նիկոլ Փաշինյանի երկու տարվա բանակցային ֆիասկոն քողարկելու համար ունակ է իրականությանը չհամապատասխանող քաղաքական հայտարարությունների։ Նորությունն այն էր, որ այդ հայտարարությունները կարող են այնքան մանիպուլյատիվ լինել, որ հարցականի տակ դնեն ԱԳ նախարարի համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին»:

Մամուլում նշվում է, որ Միացյալ Թագավորությունում դեսպան նշանակելու հարցի հետ կապված լարվել են Զոհրաբ Մնացականյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հարաբերությունները. «Մեծ Բրիտանիայում դեսպանի պաշտոնը իսկական կռվախնձոր է դարձել իշխանության ներսում։ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այս պաշտոնում տեսնում է Թաթուլ Մարգարյանին, ինչի մասին մենք գրել էինք դեռևս անցած դեկտեմբերին, սակայն դեսպաններ նշանակող անձը՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մարգարյանին չի տեսնում իր նախկին պաշտոնում։ Ըստ ամենայնի, նա իր թեկնածուն ունի, որը Թաթուլ Մարգարյանը չէ»:

Հրապարակումը պատրաստվել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ

#Մեդիա #Մեդիապաշտպան #ԶոհրաբՄնացականյան #ԱԳՆ