Դադարեցրե՛ք սադրանքները և եկեք խոսենք քաղաքակիրթ հարևանների նման. Հունաստանի վարչապետը Թուրքիային

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կոչ է արել Թուրքիային «վերջ տալ սադրանքներին» Արևելյան Միջերկրական ծովում: Վարչապետն այդ մասին ասել է չորեքշաբթի երեկոյան՝ CNN- ին տված հարցազրույցի ժամանակ:

«Իմ ուղերձը Թուրքիային շատ պարզ է. դադարեցրե՛ք սադրանքները և եկեք սկսենք խոսել քաղաքակիրթ հարևանների նման»,- ասել է Միցոտակիսը՝ հավելելով, որ Թուրքիայի հետ միակ տարաձայնությունը ծովային գոտիների սահմանազատումն է:

«Մենք Թուրքիային շատ անկեղծորեն ասել ենք, որ պետք է նստենք և քննարկենք որպես քաղաքակիրթ հարևաններ, և եթե հարցը հնարավոր չէ լուծել երկու կողմերի միջև, մենք միշտ կարող ենք դիմել միջազգային դատարան», – հավելել է նա:

Միցոտակիսը շեշտել է, որ Հունաստանը «չի կարող համակերպվել Թուրքիայի կողմից միակողմանի գործողությունների հետ», ինչը մարտահրավեր է նետում Հունաստանի բացառիկ տնտեսական գոտուն, «ոչ միայն հետազոտական նավ ուղարկելով այդ տարածք, այլև զգալի քանակությամբ ռազմական նավեր: Հունաստանը երբեք առաջինը չի սրել լարվածությունը»:

Ըստ նրա, Թուրքիան իրեն չի պահում միջազգային օրենսդրության համապատասխան, հատկապես ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամի նկատմամբ: «Եթե Թուրքիան համարում է, որ այդ տարածքները վիճելի են, և մենք դրանք համարում ենք հունական ԲՏԳ-ի մաս, ապա նրանք պետք է նստեն մեզ հետ և քննարկեն: Սա այն է, ինչ մենք միշտ առաջարկել ենք: Մենք չենք կարող հաշտվել թուրքական սադրանքների հետ»,- շարունակել է նա:

Միցոտակիսը հավելել է, որ հարցը հույն-թուրքական չէ: «Չեմ կարծում, որ սա երկու հարևանների միջև տարաձայնություն է: Կարծում եմ, որ սա մարտահրավեր է Եվրոպային, սա մարտահրավեր է աշխարհին»,- շեշտել է նա: