Թուրքերը «սխալմամբ» խոցել են ամերիկյան ԱԹՍ-ները

Օգոստոսի 19-ին տեղի է ունեցել երկու միջադեպ, և եթե երկու դեպքն էլ քննարկենք նույն դիտանկյունից, կստացվի հետևյալը. աշխարհագրական առումով այս իրադարձությունները կարծես թե կապ չունեն միմյանց հետ, չնայած երկու դեպքերում էլ դիտորդները կամ գործողները եղել են թուրք զինվորականները: Եվ քանի որ, սկզբունքորեն, Սև և Միջերկրական ծովերի միջև հեռավորությունն այնքան էլ մեծ չէ, մենք առաջարկում ենք, որ ընթերցողները վերոհիշյալ դեպքերը դիտեն որպես ամբողջություն՝ փոխկապակցված միլիոնավոր անտեսանելի թելերով:

Նախ՝ Սև ծովի շուրջ տեղի ունեցած առաջին դեպքի մասին: Այս դրվագը ժամանակային առումով տեղի է ունեցել ավելի շուտ, քան երկրորդը: Հետևաբար, ճիշտ է նախ նկարագրել այս դեպքը: Օգոստոսի 19-ին ՌԴ պաշտպանության ազգային վերահսկման կենտրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի օդային տարածության կառավարման համակարգերը գտել են երկու օդային թիրախ Սև ծովի գլխավերևում, որոնք մոտենում էին ՌԴ սահմանին. «Օդային թիրախները հայտնաբերելու և Ռուսաստանի Դաշնության պետական ​​սահմանի խախտումը կանխելու համար օդ է բարձրացել Սու-27 կործանիչը Հարավային ռազմական օկրուգի հակաօդային պաշտպանության ծառայության հերթապահության կազմից: Ռուսական կործանիչի անձնակազմը մոտեցել է օդային թիրախներից անվտանգ հեռավորության վրա և նրանց նույնացրել որպես ԱՄՆ ռազմաօդային ուժերի RC-135 ռազմավարական հետախուզական ինքնաթիռ և ԱՄՆ ռազմածովային ուժերի P-8A Poseidon պարեկային ինքնաթիռ»: Ռուս օդաչուն «չպարտադրած» ստիպել է ամերիկացիներին արագորեն շրջվել և թռչել… իհարկե, Թուրքիայի կողմ:

Այստեղ հավելենք. բանն այն է, որ օգոստոսի 2-ին ԱՄՆ ՌԾՈՒ և ՌՕՈՒ զորավարժություններ են անցկացրել Սև ծովում: Զորավարժություններին մասնակցել են USS Porter էսմինեցը, Poseidon P-8A հետախուզական ինքնաթիռը, չորս F-16 կործանիչներ, ինչպես նաև KC-135 Stratotanker լիցքավորող օդանավը և MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը: Հուլիսի 20-27-ը Սև ծովում տեղի են ունեցել «Sea Breeze-2020» ուկրաինա-ամերիկյան զորավարժություններ: Դրանց մասնակցում էին նաև Վրաստանից, Բուլղարիայից, Նորվեգիայից, Ֆրանսիայից, Ռումինիայից, Իսպանիայից և Թուրքիայից ժամանած զինծառայողներ: Ընդհանուր առմամբ, ինը երկրներից ներգրավված էին շուրջ 2 հազար զինվորականներ, այդ թվում՝ ավելի քան 20 նավ, ինչպես նաև ինքնաթիռներ և ուղղաթիռներ: Սակայն բոլոր այս ցուցադրական զորավարժությունները, որոնց մասնակիցները չեն թաքցնում իրենց հակառուսական կողմնորոշումը, վաղուց ավարտվել են: Եվ օգոստոսի 19-ին միայն թուրք զինվորականներն էին «ծածկում» ամերիկյան ինքնաթիռները: Հետաքրքիր է. ինչո՞վ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիմնավորելու թուրք զինվորականների այդպիսի հուզիչ վերաբերմունքը ԱՄՆ ավիացիայի նկատմամբ, երբ ստիպված լինի կրկին շտապ զանգահարել իր «մեծ ընկերոջը»՝ ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին: Կապրենք, կտեսնենք…

Իսկ հիմա՝ օգոստոսի 19-ին տեղի ունեցած երկրորդ միջադեպի մասին: Սիրիայի Իդլիբ նահանգի մոտակայքում, բայց Միջերկրական ծովի ափին ավելի մոտ, խոցվել է ամերիկյան երկու անօդաչու թռչող սարք (ԱԹՍ): Նրանցից առնվազն մեկը ամերիկյան MQ-9 Reaper հետախուզահարվածային ԱԹՍ էր: Սկզբնապես, թրքամետ գրոհայինները հաղորդել էին Իդլիբի երկնքում ռուսական անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին՝ օգտագործելով շարժական զենիթահրթիռային համակարգ (ՇԶՀՀ): Սակայն անօդաչու թռչող սարքի բեկորներում հայտնաբերվել է ամերիկյան MQ-9- ներից մեկը, որոնք վերջին օրերին սկսել էին շատ ավելի հաճախ թռչել տարածքում: Ավելի ուշ Պենտագոնը խոստովանել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը «օդային բախումից հետո կորցրել են երկու անօդաչու սարք Սիրիայի երկնքում»։ Ընդ որում՝ երկրորդ ԱԹՍ-ի տեսակը չի նշվում: Չնայած ԱՄՆ-ի՝ 2 ԱԹՍ-ների օդում բախվելու մասին հայտարարությանը, ինչը, ըստ ամերիկացի զինվորականների, դարձել է իրենց վթարի պատճառը, ցանցում հրապարակվել են MQ-9 հրթիռով խոցելու լուսանկարներն ու տեսանյութերը: Ընկնելիս՝ այն արդեն այրվում էր: Դրա մասին էր վկայում նաև օդում տեղի ունեցած պայթյունը: Իսկ տեղական սիրիական աղբյուրներն արդեն տվել են ավելի հիմնավոր տեղեկություններ. Իդլիբի դեէսկալացիոն գոտում տեղակայված թուրքական զինված ուժերը կարող էին սխալմամբ գրոհել ամերիկյան ԱԹՍ-ը: Ամերիկյան երկու ԱԹՍ-ի ոչնչացումից քիչ առաջ, Ռուսաստանի օդատիեզերական ուժերը գրոհել են «Հայաթ Թահրիր աշ-Շամ» իսլամական դաշինքի (նախկինում «Ջեբհաթ ան-Նուսրա») և նրանց դաշնակիցների դիրքերը Իդլիբ նահանգի արևմտյան մասում: Մի քանի ահաբեկչական խմբավորումներ շարունակում են գործել իդլիբյան ռազմաճակատի հարավային հատվածում, այդ թվում՝ «Խուրաս ադ-Դինը» և «Թուրքեստանի իսլամական կուսակցությունը» (Հիզբ ատ-Թուրքեստանի), ինչը խախտում է այս տարվա մարտի 5-ի ռուս-թուրքական համաձայնագրերը:

Այսպիսով, թուրքերը սխալմա՞մբ են խոցել ամերիկյան ԱԹՍ-ները, թե… վախից: Ռուսաստանի օդատիեզերական ուժերը (ՕՏՈՒ) կրկին ակտիվորեն կատարում են մարտական ​​թռիչքներ և հարվածում են թուրքամետ ավազակ-ահաբեկիչներին: Թուրքերը, չի բացառվում, իսկապես ուզում էին խոցել ռուսական «ինչ-որ բան»: Բայց մտափոխվել էին: Դժվար է պատկերացնել, որ Թուրքիան`ՆԱՏՕ-ի բլոկով ԱՄՆ դաշնակիցը, չուներ որևէ տվյալ, թե ինչպիսի ԱԹՍ-ներ կան Ռուսաստանի և ինչպիսի՝ Միացյալ Նահանգների մոտ: Մեզ կհարցնեն`վախն ի՞նչ կապ ունի այստեղ: Բացատրությունը պարզ է. տեսնելով, թե ինչպես է մեկ Սու-27-ը երկու ամերիկյան ինքնաթիռ լարում գրեթե մինչև Թուրքիա (Սև ծովով), թուրք զինվորականները նյարդայնացել էին և «նյարդային հողի» վրա սխալվել. նրանք խոցել են ամերիկացիներին, դե, համաձայնեք, ի՞նչ կլիներ, որ Ռուսաստանի ՕՏՈՒ հանկարծ «սխալմամբ» հարվածեր թուրքերին:

Սերգեյ Շաքարյանց