Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին` ծննդյան տարեդարձի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Ուղերձում ասված է.

«Նորին Ս. Օծություն Տ.Տ. Գարեգին Բ,

Կաթողիկոս Ամենայն Հայոց

Վեհափառ Տեր,

Ընդունեք, խնդրեմ, իմ ջերմագին շնորհավորանքները Ձեր ծննդյան տարեդարձի առիթով:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բեղմնավոր կյանք և արգասաբեր գործունեություն՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հովվապետի Ձեր բարձր պաշտոնում:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ժողովրդի կարևորագույն ինստիտուտներից է, մեր ազգային գիտակցության հենասյուներից մեկը, որը ստեղծվել և որպես ազգային հոգևոր կառույց կայացել է պետական մակարդակում ընդունված որոշումների բերումով:

Այդ որոշումները հայ ժողովրդի պատմության շրջադարձային կետեր են, որովհետև պետականության անկման շրջանում հենց Հայ առաքելական եկեղեցին դարձավ մեր ինքնության միջնաբերդը, հենց եկեղեցական համայնքներն են պահել և պահպանել վերստին պետություն ունենալու մեր ժողովրդի երազանքն ու մղումը, և այսօրվա մեր պետականությունը այդ երազանքի իրագործումն է:

և հետևաբար՝ մեր բոլորիս պարտքն է պահպանել և ուժեղացնել այդ երազանքը, մեր լուման ներդնել նրա հզորացման գործին, բայց այդ ամենը հնարավոր չի լինի առանց հավատի: Նաև սրանում է Վեհափառ Հայրապետի առաքելությունը՝ ուժեղացնել քաղաքացիների հավատը՝ Աստծո, պետականության, ազգային արժեքների, սեփական ուժերի և ապագայի նկատմամբ, խրախուսել իրավունքների պաշտպանությունը և պարտականությունների կատարումը:

Թող Աստված Ձեզ միշտ ուժ պարգևի՝ այս բարձր առաքելությունն իրականացնելու համար:

Որդիական հարգանքով՝

Նիկոլ Փաշինյան»: