ԱՄՆ ՀԴԲ նախկին աշխատակիցը կեղծել է «Ռուսաստանի հետ Թրամփի գաղտնի համագործակցության» մասին փաստաթղթերը

Չորեքշաբթի օրը ԱՄՆ հետաքնությունների դաշնային բյուրոյի իրավաբան Քևին Քլայնսմիթը խոստովանել է, որ կեղծել է Դոնալդ Թրամփի շրջապատի դեմ գործով փաստաթղթերը: Այս մասին հայտնում է Fox News-ը:

Դատավճիռը կհրապարակվի դեկտեմբերի 10-ին:

Արդարադատության նախարարության գլխավոր տեսուչը Քլայնսմիթին մեղադրել է շտաբի նախկին աշխատակցի՝ Քարթեր Փեյջի էլեկտրոնային նամակները կեղծելու մեջ: Քլայնսմիթը հայտարարել է, որ Փեյջը չի աշխատել երկրի հետախուզական ծառայությունների հետ, երբ իրականում նա տեղեկություններ է տվել հատուկ ծառայություններին: Այս հայտարարության հիման վրա, արդարադատության նախարարությունը հաստատել է Փեյջի նկատմամբ հսկողություն սահմանելը՝ գաղտնի դատարանի վճռով:

Թրամփը հսկողությունը Փեյջի նկատմամբ անվանել է «վհուկների որս» և քաղաքական սկանդալ, որի համար նա մեղադրել  է նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին:

Հանրապետականները Սենատում հետաքննում են Փեյջի և Թրամփի նախկին աշխատակիցների նկատմամբ հսկողությունը: Հսկողությունը իրականացվել է Թրամփի «ռուսական կապերի» մասին լուրերի հետաքննության շրջանակներում, որի առկայությունը ժխտվել է Սպիտակ տան և Կրեմլի կողմից, և չի հաստատվել հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի կողմից՝ երկամյա հետաքննությունից հետո: Մյուլերը քրեական գործեր էր հարուցել Թրամփի մի շարք նախկին աշխատակիցների և ընկերների դեմ, սակայն մեղադրանքները չեն վերաբերում ենթադրյալ «Ռուսաստանի հետ համագործակցությանը»: Փեյջի դեմ ոչ մի մեղադրանք չի առաջադրվել: