Փաշինյանը Ռուսաստանին զրպարտչորեն մեղադրելով դավաճանության մեջ, վտանգավոր ու դավաճանական քայլ է կատարել Հայաստանի նկատմամբ (տեսանյութ)

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը Ռուսաստանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի իշխանության նկատմամբ, ցավոք, միայն արտաքուստ է դրական, բարեկամական, ինչպես և կեղծ է նրա ժպիտը Վլադիմիր Պուտինին հանդիպելիս: Այս իրողությունը Մարգարիտա Սիմոնյանից բացի, բնականաբար, հայտնի է նաև Ռուսաստանի ղեկավարությանը և շատ ուրիշներին:

Իրականում Ռուսաստանի ու նրա ղեկավարության հանդեպ Փաշինյանի վերաբերմունքն այն աստիճանի է թշնամական, Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակցի հանդեպ նրա հոգում եղած մաղձն առատ է այնքան, որ ժամանակ առաջ ոչ միայն չի խորշել հրապարակավ զրպարտել և, ըստ էության, դավաճանության մեջ մեղադրել մեր հյուսիսային բարեկամին ու ռազմավարական դաշնակցին, այլև հրապարակավ հաստատել, պնդել է իր այդ զրպարտությունն այս տարեսկզբին, երբ արդեն ոչ թե քաղաքական ընդդիմադիր և անպատասխանատու գործիչ էր, այլ ՀՀ պատասխանատու ղեկավար:

Պաշտոնաթողությունից հետո այսօր հրավիրած իր առաջին մամուլի ասուլիսում պատասխանելով «168 ժամ»-ի թղթակցի հարցին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանգամանորեն խոսեց նաև Փաշինյանի հիշյալ անհիմն ու վտանգավոր մեղադրանքի մասին: Ստորև մեջբերում ենք հարցն ու պարոն Սարգսյանի պատասխանի հիմնական մասը.

Հարց. «Պարոն Սարգսյան, տարեսկզբին երբ կապանյան ասուլիսի ժամանակ վարչապետին հարց ուղղվեց այն մասին, թե արդյոք շարունակում է այն դիրքորոշումն ունենալ, ինչ 2016-ին էր հայտնել Ռուսաստանի Դաշնության իմացությամբ ու թույլտվությամբ ապրիլյան պատերազմի տեղի ունենալու վերաբերյալ, վերջինս պատասխանեց, թե այն, ինչ ասել է, մնում է նույնը, և ասաց, թե իր կարծիքի ու մտահոգությունների մասին ծայրից-ծայր քննարկում է ունեցել Ռուսաստանի Դաշնության իր գործընկերների հետ ու ստացել է պատասխաններ: Ըստ ձեզ, ի՞նչ պատասխաններ է ստացել վարչապետը Ռուսաստանի Դաշնությունից կամ, առհասարակ, ի՞նչ պատասխաններ կարող էր ստանալ ապրիլյան պատերազմի վերաբերյալ այս մտահոգությունների առնչությամբ»:

Պատասխան. «Գիտեք, այդ հարցի հասցեատերը ես չեմ և ես էլ հաճույքով կցանկանայի լսել, թե ինչ պատասխաններ են տրվել կամ ինչ քննարկումներ են եղել Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ: Եվ ձեզ խնդրում եմ, առիթներ շատ եք ունենում, հարցեր տալ հասցեատիրոջը, և դրա համար ես ձեզ շատ շնորհակալ կլինեմ:

Ինչ վերաբերում է բուն գաղափարին, ապա, կարծում եմ, որ այդպիսի հայտարարությունը քաղաքական տեսակետից տգիտություն է: Գիտեք, երբ մարդիկ չստուգված, վարկաբեկող մտքեր, տեսակետներ են հայտնում դաշնակիցների վերաբերյալ, դա ունենում է շատ խորը հետևանքներ, և ոչ միայն այդ պահին: Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական դաշնակիցն է, այդպիսի հայտարարությունը նշանակում է մեղադրել քո դաշնակցին պատերազմ հրահրելու մեջ, այսինքն` դավաճանության մեջ: Գիտեք դա անթույլատրելի է, անթույլատրելի է հատկապես այն պարագայում, երբ որ Ռուսաստանի Դաշնությունը մեզ հսկայական օժանդակություն է ցուցաբերել որպես դաշնակից:

Կարծում եմ, շատերը կհիշեն 2010 թվականին Ռուսաստանի Դաշնության այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի պետական այցը Հայաստան, որի շրջանակներում մենք փաստաթուղթ ստորագրեցինք, լրացուցիչ արձանագրություն, որով Ռուսաստանի Դաշնության ռազմական բազան լրացուցիչ պարտականություններ վերցրեց: Մինչ այդ, Ռուսաստանի Դաշնության ռազմական բազան պատասխանատու էր ԱՊՀ արտաքին սահմանների համար, իսկ 2010 թվականին ստորագրված պայմանագրով իր վրա պատասխանատվություն վերցրեց նաև Հայաստանի Հանրապետության ողջ սահմանների երկայնքի համար, գումարած դրան` պատասխանատվություն վերցրեց նաև մեզ օժանդակելու, թարմացնելու մեր սպառազինությունը:

Մենք (պիտի փորձեմ այնպես ձևակերպել, որպեսզի սխալմամբ ռազմական գաղտնիք չհայտնեմ ձեզ ու ավելորդ խոսակցությունների տեղիք չտամ), այսպես ասեմ, մինչև 2016 թվականի ապրիլյան իրադարձություններ, ստացել ենք 50 000 տոննայիվ ավելի ռազմատեխնիկական օժանդակություն: Երբ խոսքը գնում է ռազմատեխնիկական օժանդակության մասին, նշանակում է, դրա համար չես վճարում: Պատկերացնո՞ւմ եք ինչ թիվ է` 50 000 տոննայից ավելի: Այդ թվի մեջ չեն մտնում «Искандер»-ը, «Точка-У»-ն, 200 միլիոն դոլարի պայմանագրով նախատեսված սպառազինությունը, 100 միլիոն դոլարի պայմանագրով նախատեսված սպառազինությունները: Եվ այսպիսի պարագայում խոսել նրա մասին, թե Ռուսաստանի Դաշնության գիտությամբ և հրահրմամբ են տեղի ունեցել ապրիլյան իրադարձությունները, կարծում եմ, ուղղակի պարզապես սխալի արդյունք էր: Չի կարելի այդպիսի հայտարարություններ անել, և ես սրա վրա ծանրանում եմ ոչ թե նրա համար, որ այդպիսի հայտարարություններ անողներն այսօր իշխանության են: Ես սրա վրա ծանրանում եմ, որպեսզի ապագայում այդպիսի մոտեցումներ չթույլատրվեն»:

Ինչպես ակնհայտ է, ՀՀ երրորդ նախագահը շատ ծանրակշիռ հակափաստարկներ ներկայացրեց Փաշինյանի զրպարտությանը, հավելեց նաև, որ Ռուսաստանի կողմից մեզ ռազմատեխնիկական օժանդակություն ցուցաբերելու և հատուկ վերաբերմունք ունենալու, մասնավորապես, մեզ «Искандер» տրամադրելու արդյունքում է, որ Ադրբեջանը Բաքվին կամ Գյանջային ուղղված պատասխան լուրջ հարված ստանալուց զգուշանալով, չհամարձակվեց գործի դնել իր ռազմական ինքնաթիռները:

«Դուք գիտեք, որ որևէ մեկն այլ երկրներում «Искандер» չունի, բացի Հայաստանից, սա դաշնակցի վերաբերմո՞ւնք է, թե չէ,- հռետորական հարց հնչեցրեց պարոն Սարգսյանը:- Բելառուսը, որի հետ Ռուսաստանն ունի ընդհանուր պետության գաղափար, պայմանագիր, չունի այդ զինատեսակից, ունի միայն Հայաստանը»:

ՀՀ երրորդ նախագահն ընդգծեց նաև նման հայտարարությունների վտանգավորությունը, շատ խորը հետևանքներ ունենալը ոչ միայն տվյալ պահին, այլև ապագայում, հետևաբար ռազմավարական դաշնակցի հանդեպ նման չստուգված, վարկաբեկող մտքեր, տեսակետներ արտահայտելու, նրան անհիմն կերպով դավաճանության մեջ մեղադրելու անթույլատրելիությունը, դա գիտակցելու և ապագայում նման հայտարարությունները բացառելու անհրաժեշտությունը: Սակայն պարոն Սարգսյանը, հավանաբար քաղաքական նկատառումներով, խուսափելով ներքաղաքական իրավիճակի սրումից, Փաշինյանի հայտարարությանը և նրա կողմից այն հաստատելուն, կարծում եմ, հնարավորինս մեղմ գնահատականներ տվեց` «այդպիսի հայտարարությունը քաղաքական տեսակետից տգիտություն է», «կարծում եմ, ուղղակի պարզապես սխալի արդյունք էր»: Մի՞ թե… Հավատալ կամ մտածել, թե Փաշինյանը քաղաքականապես այդ աստիճան տգե՞տ է, չի գիտակցում նույնիսկ ա՞յն, ինչը հասկանալի է թերևս յուրաքանչյուր բարձր դասարանցու…

Իրականությունը, կարծում եմ, այն է, որ Փաշինյանը շատ լավ էլ գիտակցելով ու քաղաքական որոշակի նկատառումներով է այդ հայտարարությունն արել, ապա և հաստատել արդեն ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում: Նրա այս հայտարարությունը պետք է դիտարկել երկրի վրա ծավալվող աշխարհաքաղաքական պայքարի համատեքստում, ինչպես և այդ պայքարի համատեքստում էին Ուկրաինայում և Հայաստանում տեղի ունեցածը, հավանաբար նաև` Բելառուսում այժմ տեղի ունեցողը: Փաստեր չունենք, որ Փաշինյանն իր այդ հայտարարությամբ և այն հաստատելով Սորոսի և Արևմուտքի գլոբալիստական այլ ուժերի պատվերն է կատարել, բայց որ դրանով նրանց գոհացրել է, որևէ կասկած չկա:

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութը` https://www.youtube.com/watch?time_continue=28&v=1_h5Tdn7f2w&feature=emb_logo