Մարդն ամբողջ կյանքը նվիրել է Հայաստանի անվտանգությանը, նրա մասին հերյուրանքներ են տարածում (տեսանյութ)

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադառնալով Յուրի Խաչատուրովի՝ ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողով չներկայանալու պատճառների մասին լրագրողի հարցին, նշեց, որ դրա շուրջ մի քանի անգամ զրուցել է Խաչատուրովի հետ, հորդորել է մասնակցել, սակայն նա չի համաձայնել։

«Ես ըմբռնումով եմ մոտենում Խաչատուրովի դիրքորոշմանը: Խաչատուրովն իր կյանքի լավագույն հատվածը նվիրել է Հայաստանի անվտանգությանը։ Խաչատուրովը ռազմական գործողությունների հենց սկզբից շատ ակտիվ և կարևոր մասնակցություն է ունեցել մեր հաղթանակներում։ Խաչատուրովը ուղնուծուծով զինվորական է, գեներալ է, նրա համար շատ վիրավորական էին մինչ այդ եղած հայտարարությունները։ Մարդն իր ամբողջ կյանքը նվիրել է բանակին, Հայաստանի անվտանգությանը, իսկ նրա մասին հերյուրանքներ են տարածում, թե ռազմական գործողությունները սկսելու պահին բիլիարդ էր խաղում։ Դուք ձեզ վրա վերցրեք․ երբ ամբողջ գիտակցական կյանքը նվիրեք մի գործի, ու պատահական մարդիկ սկսեն վատ առումով հեքիաթներ պատմել ձեր մասին։ Նույնիսկ հանձնաժողովի ժամանակ, երբ խոսակցություն գնաց, ասացի, որ մեկ անգամ ևս կհորդորեմ Խաչատուրովին՝ մասնակցել նիստին, այս հորդորն էլ չընդունեց Խաչատուրովը։ Կարծում եմ՝ կանցնի ժամանակ,  Խաչատուրովն ինքն էլ կխոսի լրագրողների հետ ու իր դիրքորոշումը կարտահայտի»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում