Քառօրյա պատերազմից հետո Մոսկվայում որևէ փաստաթուղթ չի ստորագրվել (տեսանյութ)

Այսօր լրագրողների հետ իր պաշտոնաթողությունից հետո առաջին պաշտոնական հանդիպման ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խոսելով Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների մասին, հավաստիացրեց, որ 2016 թ․ ապրիլին Մոսկվայում տեղի ունեցած գլխավոր շտաբի պետերի հանդիպման ժամանակ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել՝ ոչ գաղտնի, ոչ բաց։ Նա հիշեցրեց, որ մինչև այդ հանդիպումը՝ արդեն հրադադարի ռեժիմ էր հայտարարվել։ Ապա մանրամասնեց, որ հանդիպումից առաջ իրեն զանգահարել է գեներալ Խաչատուրովը և ասել, որ Ռուսաստանի գլխավոր շտաբի պետը հեռախոսազանգով իրեն տեղեկացրել է ադրբեջանցիների՝ հրադադարի մասին խոսելու պատրաստակամության մասին։ Գեներալ Խաչատուրովը տվել է իր համաձայնությունը՝ նախագահին տեղեկացնելուց հետո։ Հանդիպումը նախատեսվել է Թբիլիսիում, որպեսզի հանկարծ ռազմական գործողությունները վերսկսվելուց հետո կարճ ժամանակում նա կարողանար վերադառնալ Հայաստան և ղեկավարել Գլխավոր շտաբը։

«Ես գոհ եմ Գլխավոր շտաբի կատարած աշխատանքից և անձամբ Յուրի Խաչատուրովի կատարած աշխատանքից։ Նրան պատասխանել են, որ ադրբեջանցիները չեն ցանկանում հանդիպել Թբիլիսիում, ցանկանում են հանդիպել Մոսկվայում, ակնհայտ է՝ ինչու, որովհետև ցանկացած պայմանավորվածություն կարիք ունի միջնորդի երաշխավորության։ Եվ գերենալ Խաչատուրովը մեկնել է Մոսկվա»,- հավելեց երրորդ նախագահը։

«Ես ձեզ կոչ եմ անում դատել փաստերով։ Համանախագահների՝ ապրիլի 12-ի հայտարարությունում հստակ գրված է, որ ուժի մեջ է 1994 թ․ անժամկետ համաձայնագիրը․ եթե ուժի մեջ է, ապա ուրիշ ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը։  Համանախագահներն էլ հո չեն կարող խաբել, չեն կարող ապատեղեկատվություն տալ»,- պարզաբանեց Սերժ Սարգսյանը։

Մեկ այլ լրագրողի հարցին, թե ինչո՞ւ ապրիլյանից հետո իշխանություններին ուղղված մեղադրանքներին ավելի վաղ չէր անդրադարձել, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ դրա անհրաժեշտությունը չի տեսել, իսկ հետո  նպատակահարմար չի գտել։

«Կեղծիքները, որ հրապարակվում էին, նեղ շրջանակներում էին շրջանառվում, մենք պարբերաբար իրականացնում էինք սոցիոլոգիական ուսումնասիրություններ, և այդ ուսումնասիրությունների արդյունքները մեզ համար գոհացուցիչ էին։ 80 տոկոսից ավելին՝ մեր հանրությունը համարում էր, որ դա հաղթանակ էր։ Իսկ հետո նպատակահարմար չէր, որովհետև արդեն 2018 թ․ ապրիլյան իրադարձություններից հետո շատ դժվար էր հանգիստ պայմաններում խոսել Ապրիլյան պատերազմի մասին։ Անհրաժեշտություն կար, ինչպես այն փոքրիկ տեսաուղերձներում էի ասել, որ մարդիկ ժամանակի ընթացքում գան նորմալ վիճակի, հուզական վիճակը վերջանա և ունակություն ունենային հանգիստ լսելու այն, ինչը իրականություն է։ Հիմա մենք դրանով ենք զբաղված»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում