Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել միայն միջազգային պարտադրանքի պարագայում (տեսանյութ)

Ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել ոչ միայն Ապրիլյան քառօրյայի ընթացքում զոհված մեր սպաների ու զինվորների համար, այլև Արցախյան առաջին պատերազմում զոհվածների համար, ես պատասխանատվություն եմ կրում բոլոր այն զինվորների ու սպաների համար, ովքեր զոհվել են 1988-ից սկսած մինչև այսօր։ Բայց տեղին չէ ներողություն խնդրել զոհվածների ծնողներից, ես իմ երախտագիտությունը, խոնարհումն եմ հայտնում նրանց ընտանիքներին և կոչ անում բոլորին՝ շատ ուշադիր լինել նրանց ընտանիքների նկատմամբ։ Այսօր «Հարսնաքարում» կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սերժ Սարգսյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք ՀՀ երրորդ նախագահը, որպես այն ժամանակվա գերագույն գլխավոր հրամանատար, ներողություն խնդրել Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքներից։

«Խնդիրը միայն զոհվածները, նահատակները, նրանց ընտանիքները չեն, այլ խնդիրն այն է, որ հասարակության ճիշտ վերաբերմունքը այն խթաններից մեկը պետք է լինի, որ մեր այսօրվա և վաղվա սպաներին ու զինվորներին դրդի, համոզի, որ նրանք շատ ամուր պահեն մեր հայրենիքի սահմանները և Աստված մի արասցե, եթե անհրաժեշտություն լինի, դա անեն իրենց կյանքի գնով։ Դա բոլորիս պարտականությունն է։ Մենք հաղթել ենք, փառք Աստծո, ունենք ազատ, անկախ Արցախ, մարտունակ զինված ուժեր, և այդ ամենը նաև մեր զոհված տղաների գործի արդյունքն է»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը։

Ըստ նախագահի՝ ճիշտ չէ շահարկել զոհերին քաղաքական նկատառումներով։  Մեզանից յուրաքանչյուրը, անկախ նրանից՝ նախագահ է, գերագույն գլխավոր հրամանատար, լրագրող, թե զուտ քաղաքացի, չի կարող ասել, որ ինքը միշտ անսխալ է եղել, եթե կա այդպիսի մարդ, թող ասի։ Իսկ այն մարդիկ, որոնք ամեն օր բազմաթիվ  որոշումներ են կայացնում, անշուշտ, այդ պաշտոնատար անձանց սխալները շատ ավելի տեսանելի են։ «Առանց որևէ սեթևեթանքի կարող եմ ասել, որ ես չեմ տեսնում իմ կողմից կամ ԶՈՒ որևէ ղեկավարի կողմից այնպիսի սխալ, որի մասին հիմա արժե խոսել։ Մենք Ապրիլյան պատերազմում հաղթել ենք»,-հայտարարեց Սերժ Սարգսյանը։

Ինչ վերաբերում է պատերազմը հաղթելու չափման միավորին, ըստ Սերժ Սարգսյանի՝ դա Ադրբեջանի պլանների ձախողումն է։

«Չափման միավորն այն է, որ մեր հակառակորդ երկրի նախագահը հրապարակավ  հայտարարում  է, որ իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Գիտեք, հաջողությունը  երբեք կիլոգրամներով չի կարելի չափել, անհնար է չափել։ Հաջողությունը չափվում է քաղաքական հայտարարություններով, միջնորդների հայտարարություններով, երբ միջնորդներն ասում են, որ անթույլատրելի էր Ադրբեջանի վարքագիծը։ Դուք կարող եք մտածել, որ ես ուրիշներին հղում եմ անում, բայց ասեմ՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է  լուծվել միայն միջազգային պարտադրանքի պարագայում։ Ադրբեջանի որևէ ղեկավար երբեք չի համաձայնելու կամովին Լեռնային Ղարաբաղի անկախությանը․ սա է չափման միավորը։ Անկեղծ եմ ասում՝ մենք երբեք որևէ հաղթանակ մետրով, կիլոմետրով չենք չափել»,- եզրափակեց ՀՀ երրորդ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում