Պատերազմից խուսափելու միակ ճանապարհ կար՝ գնալ միակողմանի զիջումների, ինչը չէր քննարկվում և անընդունելի էր (տեսանյութ)

Չնայած իմ համախոհներից, քաղաքական թիմի անդամներից, աջակիցներից շատերը խնդրում էին օգտվել չգալու իմ իրավունքից և մերժել հրավերը՝ այն հիմնավորմամբ, որ սա ակնհայտ քաղաքական նպատակներով ստեղծված հանձնաժողով է, որի անդամները բազմաթիվ անգամներ կանխակալ և ոչ կոռեկտ կարծիքներ էին հայտնել ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ, ես որոշեցի գալ, եթե անգամ նրանց մտահոգությունները տեղին են, որովհետև ես ուզում եմ նայել ձեր աչքերի մեջ և հասկանալ՝ կա՞ այստեղ մեկը, որ դույզն-ինչ կասկած ունի Ապրիլյան քառօրյա պատերազմին հաղթանակ տանելու վերաբերյալ, կարո՞ղ է մասնագիտորեն հիմնավորել, թե ինչպես է իր էլիտար ստորաբաժանումները կորցրած Ադրբեջանը հաղթել, իսկ անասելի խիզախության բազմաթիվ օրինակներով լայնածավալ գրոհները կասեցրած հայկական կողմը պարտվել։ Կա՞ մեկը, որ տեղյակ է մարդկության ամբողջ պատմության ընթացքում այնպիսի պատերազմի մասին, որտեղ առանց հրամանատարների կռվել ու հաղթել են միայն զինվորները։ Հարց կարող է ծագել, թե ինչու մինչև այսօր համապարփակ և հանրայնորեն չեմ անդրադարձել Ապրիլյան պատերազմի մասին հարցերին և այս թեմայով շահարկումներին։ Սկզբում չկար դրա անհրաժեշտությունը, իսկ հետո՝ նպատակահարմարությունը։ Սա էր պատճառը, որ ես առաջարկում էի իմ մասնակցությամբ հանձնաժողովի քննարկումն անցկացնել արտակարգ դրության ավարտին, որպեսզի լսումներից հետո հնարավորություն ունենայի ԶԼՄ ներկայությամբ անդրադառնալ և մեր հանրությանը փոխանցել խնդրո առարկային վերաբերող ամբողջական տեղեկատվություն։

Այսօր պաշտոնաթողությունից հետո իր առաջին բացօթյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Ապրիլյան քառօրյայի քննիչ հանձնաժողովի մասնակցելու հրավերն ընդունելու հանգամանքին։

Որից հետո Սերժ Սարգսյանն անդրադարձավ մի շարք հարցերի, որոնք շահարկումների թեմա են դարձել Ապրիլյան պատերազմից հետո՝ ասելով, որ այդ շահարկումներն արհեստական են և որոշ շրջանակների կողմից են իրականացվել։

«Երբ հրապարակ է նետվում թեզ՝ հաղթանակ, թե պարտություն է Ադրբեջանի կողմից սանձազերծած ապրիլյան ագրեսիային դիմակայելը, նման հարցադրում անողները նախ պետք է հստակ պատկերացում ունենան, թե ինչ է հաղթանակը, և ինչ է պարտությունը որևէ պատերազմում։ Ակնհայտ է, որ պատերազմները ինքնանպատակ չեն լինում և միշտ հետապնդում են քաղաքական նպատակներ։ Պաշտպանվող կողմի համար հաղթանակ է, երբ նա կարողանում է նվազագույն կորուստներով վիժեցնել հակառակորդի մտահղացումները։ Որևէ պատերազմի վերջնարդյունքը չի կարող գոհացուցիչ լինել հարձակվող կողմի համար, եթե նա չի հասնում իր քաղաքական նպատակների գոնե մի մասի կատարմանը»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը՝ հարցադրում հնչեցնելով՝ հնարավո՞ր էր կանխել պատերազմը կամ խուսափել դրանից։ Եվ ի պատասխան ասաց՝ հնարավոր չէր, որովհետև Ադրբեջանը պատրաստ չէր մեզ համար ընդունելի փոխզիջումային որևէ տարբերակի։ Պատրաստ չէր և պատրաստ չէ ընդունել ԼՂ քաղաքացիների՝ իրենց երկրի կարգավիճակը ազատ կամարտահայտությամբ որոշելու իրավունքը։ Ուստի պատերազմից խուսափելու միակ ճանապարհ կար՝ գնալ միակողմանի զիջումների, ինչը չէր քննարկվում և անընդունելի էր։

Մանրամասները՝ տեսանյութում