ԱՄՆ-ի և Չինաստանի միջև լարվածությունը կարող է աշխարհը բաժանել «երկու դաշինքների». ՄԱԿ գլխավոր քարտուղար

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նախօրեին հայտարարել է, որ ԱՄՆ և Չինաստանի միջև հարաբերությունները «երբեք այնքան ապակառուցողական չեն եղել, որքան այսօր են», և նախազգուշացրել է, որ երկու տերությունների միջև լարվածության սրումը կարող է աշխարհը բաժանել «երկու դաշինքների»։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը այս մասին հայտարարել է  TIME100 Talks-ի քննարկման ժամանակ։ Գրել է ՏԱՍՍ-ը:

«Երկու երկրների միջև տարաձայնությունները, մասնավորապես՝ տնտեսական տարաձայնությունը, սպառնում են աշխարհը բաժանել երկու դաշինքների՝ երկու գերիշխող արժույթներով, երկու առևտրային կանոններով, երկու տարբեր ինտերնետային ցանցերով և, անխուսափելիորեն, երկու ռազմավարություններով։ Դա հսկայական ռիսկ է ամբողջ աշխարհի համար»,-ասել է նա։

Գուտերեշի խոսքով՝ մենք բոլորս տարբեր շահեր ունենք, և հեշտ չէ ստիպել միջազգային հանրությանը միավորվել։

«Բայց սպառնալիքները, որոնց մենք բախվում ենք, պետք է ստիպեն բոլորին հասկանալ, որ այն, ինչ մեզ միավորում է, ավելի կարևոր է, քան այն, ինչ մեզ բաժանում է»,- հայտնել է նա։

Հարցազրույցում Գուտերեշը կոչ է արել հարուստ երկրներին COVID-19-ի դեմ պայքարում օգնել իրենց աղքատ գործընկերներին:

Գուտերեշը նաև մտավախություն է հայտնել «պատվաստանյութի ազգայնականության» աճի կապակցությամբ՝ մատնանշելով, որ երկրները մրցակցում են, և ոչ թե համագործակցում «պատվաստանյութի մրցավազքում»:

«Կա՛մ մենք բոլորս կազատվենք այդ հիվանդությունից, կա՛մ ոչ ոք չի ազատվի», – ասել է նա: