Վերաբացվում են գրադարանները, թանգարանները, հեռուստահաղորդավարները կարող են դիմակ չկրել, եթե տաղավարում մենակ են․ պարետի նոր որոշումը

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ հրապարակվել է համավարակով պայմանավորված երկրում կիրառվող սամանափակումների մասին պարետի նոր որոշում։ Գրառումը ներկայացնում ենք ստորև։

«Հրապարակվեց պարետի նոր որոշումը արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված Հայաստանի ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների և կանոնների վերաբերյալ։ Կատարվել են հետևյալ առանցքային փոփոխությունները։

Վերաբացվել են՝

✅Հանրակրթությունը, որը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից
✅Բուհական կրթությունը․ սեպտեմբերի 1-ից առկա ուսուցմամբ հաճախելու են միայն բակալավրիատի 1-ին կուրսերը, մնացածի մասով՝ իրականացվելու է հիբրիդային (հեռավար տեսական և առկա գործնական պարապմունքներ) եղանակով ուսումնական գործընթաց
✅Ոչ ֆորմալ և շարունակական կրթությունը մի շարք ուղղություններով։ Միաժամանակ, դեռևս պահպանվում են սահմանափակումները արտադպրոցական սպորտային, արվեստի և մշակութային խմբակների մասով
✅Գրադարանները
✅Թանգարանները
✅Մշակույթի ոլորտը, այդ թվում՝ թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները, որոնք պետք է անցկացվեն բացառապես բացօթյա տարածքներում։

Սահմանվել են կանոններ՝

✅Ոչ ֆորմալ և շարունակական կրթության ոլորտի
✅Գրադարանների և թանգարանների
✅Թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային միջոցառումների
✅Օդանավակայանների և օդային ուղևորափոխադրումների համար։

Այսուհետ դիմակ կարող են չկրել՝

✅Հեռուստահաղորդավարները, եթե հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում գտնվում են մենակ
✅Հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգամանություն իրականացնող մասնագետները։

Կատարվել են փոփոխություններ հանրային սննդի ոլորտում գործող կանոններում, այդ թվում՝

✅Թույլատրվել է բացառապես բացօթյա տարածքներում կենդանի երաժշտության հնարավորությունը
✅Մեկ սեղանի շուրջ թույլատրվում է մինչև 8 անձի նստեցում՝ նախկին 5 անձի փոխարեն։

Պարետի ամբողջական որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ։