Վրաստանի քաղավիացիան մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ երկարաձգել է միջազգային կանոնավոր չվերթների սահմանափակումները

Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը, հաշվի առնելով երկրում և աշխարհում կորոնավիրուսային իրավիճակը, մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ երկարաձգել է միջազգային կանոնավոր ավիաչվերթների սահմանափակումները, գրում է tourism.interfax.ru կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ Վրաստանի կառավարության «Մեկուսացման և կարանտինային կանոնների ներդրման մասին» №322 որոշման մեջ կատարված փոփոխության համաձայն՝ կանոնավոր ավիահաղորդակցությանը վերաբերող սահմանափակումները չեն վերաբերում Թբիլիսիի և Մյունխենի, Փարիզի, Ռիգայի օդանավակայանների միջև չվերթներին։

Այլ ուղղություններով չվերթների աստիճանական վերականգնման մասին որոշումը կայացվելու է՝ հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը, ուստի գործակալությունը կոչ է արել քաղաքացիներին՝ խուսափել ոչ սերտիֆիկացված ուղղություններով ավիատոմսեր գնելուց։

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, Վրաստանը հուլիսի 13-ից հրաժարվել է Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հետ կանոնավոր չվերթների սահմանափակումներից։ Այս երկրներից Վրաստան ժամանելու համար անհրաժեշտ է միայն հատուկ էլեկտրոնային հարցաթերթիկ լրացնել, որում պետք է ուղևորները նշեն, թե որտեղ են եղել վերջին 14 օրվա ընթացքում և Վրաստանի որ մասերում են ծրագրում լինել, և նշեն հեռախոսահամարը:

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1341 դեպք։ Հիվանդությունից առողջացել է 1092, մահացել՝ 17 մարդ։