Փաշինյանին իշխանության ուզուրպացիան չի ներվելու

Սկանդալային հրաժարականի պատճառները

Հայաստանում օգոստոսի 17-ին մի շատ ուշագրավ և, կարծում ենք, քաղաքական կարևոր նշանակություն ունեցող իրադարձություն տեղի ունեցավ. ՀՀ կառավարության կողմից հուլիսի 23-ին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրված Վահրամ Ավետիսյանը, դեռ այդ պաշտոնին չանցած, հրաժարական տվեց:

Իհարկե, պարոն Ավետիսյանն ի սկզբանե պետք է հրաժարվեր ՍԴ դատավորի թափուր կամ թափուր համարվող պաշտոնում առաջադրվելու առաջարկից, քանի որ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի և մյուս դատավորների լիազորությունները դադարեցվել են ոչ իրավաչափորեն, նույնիսկ ՀՀ Սահմանադրության խախտման արդյունքում, բայց սա, ինչպես ասում են, այլ թեմա է:

Վահրամ Ավետիսյանը օգոստոսի 17-ի առավոտյան «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ հայտնել է, որ Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին» իր համաձայնությունը հետ կանչելու մասին դիմում։

Հասկանալի է, որ հրաժարվելը պարոն Ավետիսյանի իրավունքն է, նրա անձնական որոշումը, սակայն հասկանալի է նաև, որ Վահրամ Ավետիսյանն ունեցել է չափազանց լուրջ և հիմնավոր պատճառներ` ՍԴ դատավորի պատվավոր պաշտոնից ու բարձր վարձատրվող, 12 տարի երաշխավորված ու նաև հետագայում բարձր թոշակ ապահովող աշխատանքից հրաժարվելու համար: Հետևաբար Ավետիսյանի հրաժարականի բուն փաստից շատ ավելի ուշագրավ ու կարևոր են այն պատճառները, որոնք հիմք են հանդիսացել նրա հրաժարականի համար:

Որքան էլ Ազգային ժողով կոչվածի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն անդրադառնալով Ավետիսյանի հրաժարականի հարցին, փորձի սքողել հրաժարականի իրական պատճառը, և հասարակությանը հրամցնի այն ենթադրությունը, թե Վահրամ Ավետիսյանը հավանաբար գնահատեց իր հնարավորությունները և հրաժարականի որոշում կայացրեց (այսինքն` հասկացավ, որ ՍԴ դատավոր չի կարող աշխատել և հրաժարվեց այդ պաշտոնից), միևնույն է, նրա այդ փորձն իզուր է, քանզի պարոն Ավետիսյանը համարձակություն է ունեցել և արդեն իսկ հրապարակավ, բացեիբաց ասել է իր հրաժարականի իրական պատճառը, որին չհավատալու որևէ հիմք չունենք: Ահա հրաժարականի պատճառի մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում Վահրամ Ավետիսյանի երեկ կատարած գրառումը.

«Մեկ անգամ ևս ցանկանում եմ նշել, որ մեր պետության գերխնդիրներից է անկախ, հաշվետու, կանխատեսելի արդարադատություն իրականացնող, հասարակության մեջ հեղինակություն վայելող և պրոֆեսիոնալ դատավորներով համալրված դատական իշխանության կայացումը:

Խնդիր, առանց որի լուծման պետությունը և հասարակությունը զարգացման որևէ հեռանկար չունեն: Այդ խնդիրների լուծման գործում ներդրում ունենալու ցանկությամբ է պայմանավորված եղել իմ կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրվելու առաջարկը ընդունելը։

Սակայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից և հետագա քննարկումներից ինձ համար ակնհայտ դարձավ, որ պատգամավորների մի մասի՝ Սահմանադրական դատարանի դերակատարության, Սահմանադրական դատարանի դատավորի ապաքաղաքականացվածության և անկախության վերաբերյալ մոտեցումներն ու պատկերացումներն իմ մոտեցումներին և պատկերացումներին համահունչ չեն, իսկ որոշ դեպքերում նաև ինձ համար անընդունելի:

Հետևաբար, նման իրավիճակում Ազգային ժողովում 80 ձայն ստանալը համարում եմ անիրատեսական, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու հետագա գործընթացին մասնակցելը՝ աննպատակահարմար։ Ուստի այսօր Ազգային ժողովի նախագահին եմ ներկայացրել «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին» համաձայնությունս հետ կանչելու մասին դիմում»:

Ավետիսյանի այս բացատրությունը նշանակում է, որ ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը կամ խմբակցության պատգամավորների մեծամասնությունը, ինչպես նաև ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանի դատավորին պատկերացնում են դե յուրե ապաքաղաքական և անկախ, սակայն դե ֆակտո, այսինքն` փաստացի քականացված և իրենցից կախյալ, իրենց հրահանգները, թելադրանքները կամ պահանջները կատարող, ինչին, դատելով ամենից, չի համաձայնել Վահրամ Ավետիսյանը: Հակառակը պատկերացնել, թե Ավետիսյանը դեմ է եղել իր իսկ ապաքաղաքականացված և անկախ լինելուն, այսինքն` ցանկացել է կամովին լինել ստրկական կարգավիճակում, անհեթեթություն է, տրամաբանությունից, ողջախոհությունից ընդհանրապես դուրս:

Վերոնշյալի առումով դժվար է հավատալ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի ասածին, թե «Իմ քայլը» խմբակցությունը դրսևորել է այն մոտեցումը, որ թեկնածուն պետք է լինի ապաքաղաքականացված, թեկնածուն պետք է բավարարի Սահմանադրևական դատարանի դատավորի թեկնածուի չափանիշներին, թեկնածուն պետք է ոչ թե ցանկալի լինի քաղաքական թիմի համար, այլ պետք է այնպիսին լինի, որպեսզի ինքը 12 տարի իրականացնի արդարադատություն` անկախ նրանից թե ո՞վ է լինելու իշխանությունը, և արդարադատությունը պետք է հասարակությանը վստահություն ներշնչի:

Եթե «Իմ քայլը» խմբակցությունը կամ խմբակցության պատգամավորների մեծամասնությունը և ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանի դատավորին իսկապես պատկերացնեին իշխանությունից անկախ, ապա մի՞ թե ՍԴ այն վեց դատավորները, որոնց պաշտոնանկ անելը գրեթե իրենց կյանքի նպատակ էին դարձրել, իշխանությունից, այսինքն` իրենցից կախված էին, իրենց հրահանգներն էին կատարում… Դժվար է պատկերացնել իշխանությունից նրանցից ավելի անկախ դատավորների, ավելին` չկա որևէ երաշխիք, որ այն դատավորները, որոնք գալու են նրանց փոխարինելու, իշխանությունից անկախ են լինելու, ավելին` կան փաստեր` հակառակը մտածելու համար:

Ինչ վերաբերում է ՍԴ դատավորների ապաքաղաքական լինելուն, ապա չկա որևէ փաստ, որ նրանք թեկուզ վերջին 2-3 տարում կայացրել են ոչ թե իրավական, այլ քաղաքական որոշում` դրա համար անտեսելով իրավականի պահանջները, թույլ տալով ՀՀ Սահմանադրության և, ընդհանրապես, օրենսդրության պահանջների խախտում:

Կարելի է ենթադրել, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ու հետագա քննարկումների ընթացքում Վահրամ Ավետիսյանը փորձել է ճշտել, հասկանալ, թե ինքն արդյոք ազա՞տ է Սահմանադրական դատարանում ՀՀ Սահմանադրությանը Ստամբուլյան կոնվենցիայի համապատասխանության հարցն առաջիկայում քննելիս, վարվել իր իրավական պատկերացումներին համապատասխան, սակայն նրան հասկացրել են, որ դա բացառված է և ինքը պետք է կատարի իշխանությունների կամքը: Չէ՞ որ փաշինյանական իշխանությունը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ու մնացած վեց դատավորների պաշտոնանկության հասնելու խնդիրն իր առջև դրել էր հիմնականում հենց նրա համար, որ նրանցից հույս չուներ ստանալու` ՀՀ Սահմանադրությանը Ստամբուլյան կոնվենցիայի համապատասխանության վերաբերյալ որոշում, իսկ քանի դեռ այդ որոշումը չկա, անհնար է Ստամբուլյան կոնվենցիան Ազգային ժողով կոչվածին վավերացման ներկայացնել: Որքան էլ այնտեղ սորոսական, այլասերվածների և այլասերվածության պաշտպան պատգամավորները պատրաստ լինեն դրան կողմ քվեարկել…

Ինչպես հայտնի է, Ստամբուլյան կոնվենցիան վավերացման դեպքում ԼԳԲՏ-ների (լեսբիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսվեստիտների) և ուրիշ այլասերվածների համար ապահովելու է լայն իրավունքներ, ներառյալ` երեխաներ որդեգրելու, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում իրենց պիղծ ամուսնությունների գրանցմանը հասնելու, անարգել, այսպես կոչված, գեյ շքերթներ կազմակերպելու-անցկացնելու, նաև այլ միջոցներով այլասերման քարոզով զբաղվելու, մեր երեխաների դաստիարակչական հաստատություններում տրանսվեստիտների աշխատանքի…

Կարծում ենք, հենց Ստամբուլյան կոնվենցիայի առնչությամբ է պարոն Ավետիսյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից և հետագա քննարկումներից հետո գրել Սահմանադրական դատարանի դատավորի ապաքաղաքականացվածության և անկախության վերաբերյալ իր մոտեցումներին ու պատկերացումներին պատգամավորների մի մասի մոտեցումների ու պատկերացումների համահունչ չլինելու, իսկ որոշ դեպքերում նաև իր համար անընդունելի լինելու ակնհայտության մասին:

Հայտարարելով, որ Հայաստանը երբեք ավտորիտար պետություն չի լինի, Փաշինյանը ՀՀ-ն արդեն իսկ դարձրել է ավտորիտար:

Արթուր Հովհաննիսյան