Գրեթե բոլոր լրատվականներն անդրադարձել են Իսրայել Հակոբկոխյանի հացադուլին, բացի Հանրային հեռուստաընկերությունից ու «Ազատություն» ռադիոկայանից․ «Մեդիա պաշտպան»

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանն օգոստոսի 12-ից անժամկետ հացադուլի մեջ է։ Գարեգին Նժդեհի արձանի մոտ նա մի քանի օր է՝ պատասխանում է լրատվամիջոցների հարցերին, նշում, որ հացադուլն ուղղված է Ստամբուլյան, Լանզարոտեյի կոնվենցիաների, Ամուլսարի շահագործման, հանարակրթական չափորոշիչների դեմ, Հայ առաքելական եկեղեցու դեմ ոտնձգություններին։ Իր խոսքով՝ նպատակը ազգի մասին մտահոգված մարդկանց համախմբելն է, որ երկիրը կործանման չտանեն։ Նա նշում է, որ նախկինում էլ բազում խնդիրներ են եղել, բայց երբևէ նման թշնամանք չի եղել ժողովրդի մեջ՝ հեղափոխական-հակահեղափոխական, սև ու սպիտակներ։ Բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի մտահոգություններին, սակայն, չեն անդրադարձել Հանրային հեռուստաընկերությունն ու «Ազատություն» ռադիոկայանը, որոնք մշտապես խուսափում են իշխանությունների դեմ ուղղված բողոքի ցույցերն ու ակցիաները լուսաբանել։ Արդյունքում ներկայացվում է պատկեր, որն ինչպես նախկինների պարագայում էին նշում, իրականությունից կտրված է։ Ժողովրդի անունից ու ժողովրդի կողմից հանդես եկող իշխանությունը պարտավոր է հետևողական լինել Հանրային հեռուստաընկերության գործունեությանը, որը պետք է ներկայացնի ճշգրիտ ու բազմակողմանի տեղեկատվություն։ Հանրայինը ֆինանսավորվում է ժողովրդի միջոցներով ու պարտավոր է հանրային շահը վեր դասել անձնական, քաղաքական շահերից։ Ինչ վերաբերում է «Ազատություն» ռադիոկայանին, օգոստոսի 16-ի կիրակնօրյա ծավալուն թողարկմանը Հրայր Թամրազյանը Ամուլսարի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ներկայացրեց ոչ ամբողջական։ Նա զրուցեց «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հետ։ Թամրազյանը ներկայացրեց բնապահպանների մտահոգությունները, բայց պարտավոր էր նաև եթեր տրամադրել ակտիվիստներին։ Նշենք, որ Հանրային հեռուստաընկերությունը նույնպես Ամուլսարի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ներկայացնում է ոչ ամբողջական, մասնավորապես, չի բարձրաձայնվում, որ ցուցարարները պահանջում են հանդիպում վարչապետի հետ, հարց են ուղղում վարչապետի մամուլի քարտուղարին, վերջինս ընդամենը նշել է, որ վարչապետը հետևում է Ամուլսարի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։