Բրայան Հուկի հրաժարականը փաստում է Իրանի հետ դիմակայությունում ԱՄՆ-ի պարտության մասին

Ահա և «առաջին ծիծեռնակն է հասել» Վաշինգտոնից` Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ողբերգությունից և Իրանի կողմից հնչեցրած ուժեղ հայտարարություններից հետո, կապված մարդկության դեմ այս ոճրագործության հետ: Հայտնի է դարձել, որ Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ և ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական 52-ամյա Բրայան Հուկը լքում է իր պաշտոնը: Նրա պարտականությունները ժամանակավորապես կկատարի 72-ամյա Էլիոտ Աբրամսը, բայց միայն ի հավելումն Վենեսուելայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի իր պարտականությունների: Այս կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել է․ «Հուկն Իրանի հարցերով իմ համակարգողն էր ավելի քան երկու տարի, նա իրանական ռեժիմի դեմ պայքարում հասել է պատմական նշանակության արդյունքների»: Փոմպեոն ստում է. եթե Հուկը հաջողակ լիներ իրանական ուղղությամբ, կամ, ընդհանուր առմամբ, շիաների ուղղությամբ, ապա նրան չէին ստիպի հրաժարական տալ:

Ինքը՝ Հուկը, ձեռնպահ մնաց որևէ մեկնաբանությունից, բայց, ըստ Reuters գործակալության Սպիտակ տան աղբյուրի, Հուկին պաշտոնաթող անելու որոշումը կայացվել է «անսպասելիորեն և հենց վերջին պահին, քանի որ ոչինչ չէր կանխատեսում իրադարձությունների նման ընթացք»:

Նա համարվում էր Թեհրանի նկատմամբ կոշտ քաղաքականության կողմնակից, հստակ կատարելով Սպիտակ տան առաջադրած «Իրանը ջարդելու» խնդիրը՝ պատժամիջոցների ռեժիմի միջոցով նստեցնել բանակցությունների սեղանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ: Նամանավանդ, որ ավելի վաղ Փոմպեոն հայտարարել էր Իրանի միջուկային և հրթիռային ռազմական ծրագրերի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին, իսկ Հուկն ասում էր, որ «Վաշինգտոնը քննարկում է Իրանի դեմ ռազմական ուժի օգտագործման հնարավորությունը, որպեսզի Թեհրանը չստանա միջուկային զենք»: Մինչև վերջին պահը նա դիվանագիտական ակտիվություն էր դրսևորում՝ «մաքոքային դիվանագիտության» մեթոդով շրջագայում էր Միջին Արևելքի երկրներով, հանդես էր գալիս տարածաշրջանում հակաիրանական կոալիցիայի ձևավորման օգտին, անում էր համապատասխան հայտարարություններ: Եվ հանկարծ, ինչպես գրում է «Նյու Յորք թայմսը», Սպիտակ տունը որոշել է, որ «Հուկը չի հաղթահարել իրեն վերապահված պարտականությունները և թաղել է Իրանի հետ դիվանագիտական ​​նախաձեռնության մնացած բոլոր շանսերը մինչև Դոնալդ Թրամփի նախագահության ժամկետի ավարտը»: Ճիշտ է, ամերիկացի որոշ փորձագետներ Հուկի հրաժարականը կապում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Վաշինգտոնի՝ Իրանի դեմ զենքի միջազգային էմբարգոն երկարաձգելու առաջարկության առաջիկա քննարկման հետ: Բայց դա անհեթեթություն է, հիմնական պատճառն այն է, որ Թրամփի վարչակազմը պարտվել է Իրանին և շիաներին: Բացի դրանից, ՄԱԿ-ի պատերի ներսում Միացյալ Նահանգների հաջողության հասնելու հնարավորությունները գնահատվում են ծայրահեղ ցածր՝ այս հարցի շուրջ Մոսկվայի և Պեկինի դիրքորոշման պատճառով: Բայց այս համադրության հետ Հուկը ուղղակիորեն կապ չունի:

Այդ դեպքում ինչո՞ւմն է խնդիրը, չէ՞ որ այդ պաշտոնյայի հրաժարականը ԱՄՆ նախագահական ընտրություններից երեք ամիս առաջ անտրամաբանական է թվում: Նա այն քչերից էր, որ վերապրել է Թրամփի արտաքին քաղաքականության թիմում տեղի ունեցած ցնցումը: Իսկ Իրանի նախագահ Հասան Ռոհանին վերջերս հայտարարում էր, որ «Թեհրանը բաց է ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար, եթե Վաշինգտոնը ներողություն խնդրի միջուկային գործարքից դուրս գալու համար և փոխհատուցում վճարի»: Փոմպեոն դրան արձագանքել է հետևյալ կերպ. «Մենք ուրախ ենք երկխոսության մեջ մտնել նրանց հետ, երբ հարմար ժամանակ լինի, բայց այն պայմանները, որոնք ենթադրում են, որ մենք գումար կվճարենք իրանցիներին, որպեսզի նրանք կարողանան ահաբեկչություն տարածել ամբողջ աշխարհում, պարզապես ծիծաղելի են»: Խոսքը ոչ թե այն դիտողությունների և մեղադրանքների մասին է, որոնք փոխանակվել են Թեհրանի և Վաշինգտոնի միջև, այլ այն մասին, որ նրանց միջև բանակցությունների հարցը հանված չէ օրակարգից: Եվ նույնիսկ հնարավոր է բանակցություններ տեղի ունենան, բայց արդեն առանց Հուկի: Ու հենց այն պատճառով, որ Իրանն այժմ նախապայմաններ է առաջարկել Սպիտակ տան հետ բանակցությունների համար: Ի՞նչ է սա, եթե ոչ ԱՄՆ-ի պարտությունը:

Հուլիսի վերջին Աֆղանստանի հարցերով ԱՄՆ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը «անսպասելիորեն» հայտարարել է, որ «ԱՄՆ-ը պայմանավորվել է հանդիպումներ անցկացնել Իրանի հետ Աֆղանստանի խաղաղ գործընթացի վերաբերյալ»: Ըստ նրա խոսքերի՝ «խաղաղության հասնելու և պահպանման համար չափազանց կարևոր է, որ տարածաշրջանը դրականորեն ներգրավված լինի, և մենք նույնիսկ պայմանավորվել ենք հանդիպումներ կազմակերպել Իրանի հետ Աֆղանստանի հարցով, քանի որ մենք նույնպես ցանկանում ենք, որ Իրանը արտահայտի իր աջակցությունը»: Ինչպես հայտնի է, փետրվարի վերջին Քաթարում ԱՄՆ-ը և «Թալիբան»-ը ստորագրել են ավելի քան 18 տարվա պատերազմում առաջին խաղաղության պայմանագիրը, որը նախատեսում է 14 ամսում արտասահմանյան զորքերի դուրսբերում և Աֆղանստանի երկխոսության սկիզբը բանտարկյալների փոխանակման գործարքի ավարտից հետո: Հուլիսի կեսին ամերիկյան զինված ուժերը այդ համաձայնագրի շրջանակներում Աֆղանստանում լքել են հինգ ռազմաբազաներ: Սակայն «առավելագույն ճնշում» քաղաքականության շրջանակներում Իրանի հետ նույնիսկ Աֆղանստանի շուրջ երկխոսությունը չի ստացվում, իսկ Թրամփին ընտրություններին ընդառաջ անհրաժեշտ է կոնկրետ արդյունք, քանի որ նա արդեն հայտարարել է Աֆղանստանում ռազմական զորախմբի քանակը մինչև 4000 մարդու կրճատելու հնարավորության մասին: Ինչպես հայտնում է «Նյու Յորք թայմսը»՝ տարբերակներից մեկը ենթադրում է այս երկրում ամերիկյան ներկայության վաղաժամ կրճատում ԱՄՆ նախագահական ընտրությունների մեկնարկով: Վաշինգտոնը հասկացրել է, որ Իրանը կարող է օգնել գտնել խնդիրների լուծումը: Հնարավոր է՝ Սպիտակ տունը կփորձի Թեհրանի հետ հարաբերությունները վերադարձնել «Քլինթոնի բանաձևին»: Հիլարի Քլինթոնը, մի անգամ ասել է, որ իրանցիները «կառուցողականորեն են վարվել Աֆղանստանում ամերիկյան օպերացիայի վաղ փուլերում»: Ըստ նրա խոսքերի՝ «այդ մասին շատ քչերը գիտեն, բայց այն ժամանակ Աֆղանստանում ամերիկյան և իրանական դեսպանների միջև գրեթե ամեն օր շփումներ էին լինում»: Իսկ այժմ Միացյալ Նահանգները, բոլոր հատկանիշներով, սկսում է փոխել Իրանի նկատմամբ գործողությունների ռազմավարական տրամաբանությունը՝ դնելով իրագործելի նպատակներ: Առայժմ, սակայն, միայն աֆղանական ուղղությամբ: Հուկի ժամանակները, իսկ շուտով, հնարավոր է և Փոմպեոյի, անցնում են: Եվ սա նույնպես Միացյալ Նահանգների պարտության նշան է, քանի որ Իրանը, Մահմուդ Ահմադինեժադի նախագահության ժամանակներից, ամեն տարի պահանջում է ամերիկացիների ամբողջական դուրսբերումը ինչպես Աֆղանստանից, այնպես էլ Մերձավոր Արևելքից:

Սերգեյ Շաքարյանց