Ալեն Սիմոնյանի մասին դիտարկվել են մեծ թվով բացասական հոդվածներ. «Մեդիա պաշտպան»

2020թ-ի օգոստոսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 193 հոդված, որոնցից 98-ը եղել է բացասական, 1-ը՝ դրական, 94-ը՝ չեզոք։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մասին դիտարկվել են մեծ թվով բացասական հոդվածներ։
Ըստ մամուլի` Ալեն Սիմոնյանը Եկմալյան 1/1 հասցեում ձեռք է բերել նոր բնակարան, որի համար վճարել է 320 հազար դոլար: Լրատվականներից մեկն, անդրադառնալով այս լուրին, գրել է. «Եվ սա սոցիալական ծանր բեռի տակ կքած, աղքատությունը ուղեղում հաղթահարելուն դատապարտված շարքային քաղաքացիների խնդիրների ֆոնին, երբ օրվա հաց գտնելը դարձել է անլուծելի հարց շատերի համար, իսկ նույն թավշյա պաշտոնյաները մատը մատին էլ չեն խփում ժողովրդի բեռը թեթևացնելու համար: Այն նույն ժողովրդի, որի օգնությամբ եկան իշխանության` խոստանալով լավ ապագա: Ինչպես երևում է, լավ ապագան թավշյա պաշտոնյաները հաջողացնում են ապահովել միայն իրենք իրենց համար, և արդեն իսկ պարզ է, թե ում կյանքն է իրականում փոխել 2018 թվականին տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը»:
Կարպիս Փաշոյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Ալեն Սիմոնյան-Արթուր Դանիելյան միջադեպին, գրել է. «Հայաստանի իրավապաշտպաններն ու ընդհանրապես մարդու իրավունքներով մտահոգ հանրային գործիչները, կարծես թե, չնկատելու են տալիս, որ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջադեպի գործով կիրառվում է ընտրովի արդարադատություն, այսինքն, նույնիսկ չեն էլ թաքցնում, որ ամեն ինչ արվում է Սիմոնյանին իրավական պատասխանատվությունից փրկելու համար»։ Ավետիք Իշխանյանը նույնպես դատապարտել է ՀՔԾ որոշումը կապված Արթուր Դանիելյան-Ալեն Սիմոնյան միջադեպի հետ։
ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այն որ ՀՔԾ իրավապահ մարմինների մեջ հակաիրավականության ու գրագիտության իսպառ բացակայության խորհրդանիշն է, գիտեինք, բայց այսօրվա գրածն անգամ իրենց համար խայտառակություն է։ Թե բա՝ Ա. Սիմոնյանը հոգեկան խիստ հուզմունքի վիճակի մեջ է գտնվել հարվածելիս, որի վերաբերյալ փաստական տվյալներ են ձեռք բերվել։ Ինձ մի հարց է հետաքրքրում. Հարգելի հումորով ՀՔԾ քննիչ ու փաստաբան, կասեք՝ ի՞նչ տվյալներով է պարզվել հոգեկան խիստ հուզմունքի փաստը։ Մասնավորապես ի՞նչ ֆիզիոլոգիական փոփոխություններ և առանձնահատկություններ են ի հայտ եկել քաղաքացի Սիմոնյանի մոտ»:
«ՎԵՏՕ» նախաձեռության հիմնադիր Նարեկ Մալյանը գրել է, որ վերջերս Ալեն Սիմոնյանին թույլ չեն տվել մուտք գործել Մաշտոցի պողոտայի «Ուրարտու» խանութ դիմակ չունենալու պատճառով։

Հրապարակումը պատրաստվել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ