Բելառուսի ԿԸՀ-ը հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները. Լուկաշենկոն ստացել է ձայների 80,1%

Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 9-ին երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքներն է հրապարակել, որոնց համաձայն՝ երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների 80,1%-ը, ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան՝ 10,1%-ը, հայտնում է Tut.by-ը:

Աննա Կանոպացկայան ստացել է 1,67 % ձայն, Անդրեյ Դմիտրիևը՝ 1,21 %, Սերգեյ Չերեչենը՝ 1,14 %:

Ընտրություններին մասնակցել է ավելի քան 5,8 մլն մարդ, վաղաժամկետ քվեարկությանը՝ ավելի քան 2,8 մլն մարդ:

Բոլոր թեկնածուները, բացի Լուկաշենկոյից, բողոքարկել են ընտրությունների արդյունքները:

Հիշեցնենք, որ զանգվածային ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր: Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն` ավելի քան 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Օրեր շարունակ տարբեր քաղաքներում, ինչպես, օրինակ, Բրեստում, Գոմելում, Գրոդնոյում և մայրաքաղաք Մինսկում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ուժայինների միջև: Բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, հազարավորներն էլ` ձերբակալվել: Նշվում է, որ բախումների ընթացքում օգոստոսի 10-ին մեկ մարդ մահացել է: