Փաշինյանը հակադարձել է հեղափոխության չարդարացած սպասումների մասին քննադատությանը

Կորոնավիրուսի համավարակի հաղթահարումից հետո Հայաստանը կշարունակի ակտիվորեն զարգացնել տնտեսությունը։ Այս մասին BBC–ի Hardtalk հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը չի համաձայնել հաղորդավարի այն դիտարկմանը, թե Հայաստանում հեղափոխությունից շատերի սպասումները չեն արդարացել։

«ՀՀ բոլոր քաղաքացիները տեսնում են, որ ապրում են ժողովրդավարական երկրում։ 2019–ին մենք ունեցել ենք Եվրոպայում տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշը։ Մենք մեծ տնտեսական հաջողություններ ենք գրանցել, մեր երկիրը մեծ առաջընթաց է գրանցել միջազգային վարկանիշներում` ժողովրդավարության, խոսքի ազատության, արդարադատության անկախության, հակակոռուպցիոն ասպարեզում»,- նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ միջազգային պարբերականներում Հայաստանը երկու տարի շարունակ «տարվա երկիր» էր հայտարարվում` ինչպես ժողովրդավարության, այնպես էլ տնտեսության բնագավառներում։

ՀՀ վարչապետը չի հերքում, որ կորոնավիրուսի համաշխարհային համավարակը խոչընդոտել է Հայաստանի առաջընթացը, բայց վստահեցրել է, որ ՀՀ իշխանությունները շարունակում են երկրի տնտեսական զարգացմանը նպաստող քայլեր ձեռնարկել: