Լեհաստանի և Բալթյան երկրների նախագահները իրենց օգնությունն են առաջարկել Բելառուսում իրավիճակը կարգավորելու համար

Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի նախագահների համատեղ ուղերձում շեշտվում է, որ «մեկուսացումը բարգավաճման և զարգացման ուղին չէ»:

«Մենք պատրաստ ենք առաջարկել մեր միջնորդությունը Բելառուսում խաղաղ կարգավորման հասնելու և Բելառուսի անկախության և ինքնիշխանության ամրապնդման համար»,- նշված է փաստաթղթում:

Նախագահները կոչ են արել պաշտոնական Մինսկին՝ ստեղծել հաշտության ազգային կլոր սեղան՝ երկրի իշխանությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Չորս երկրների նախագահները կարծում են, որ անհրաժեշտ է անհապաղ ազատ արձակել ձերբակալված ցուցարարներին և դադարեցնել նրանց հետապնդումները:

«Սա կծառայի որպես համապատասխան քայլ իրական ազգային երկխոսության սկզբի համար: Մենք համոզված ենք, որ երկխոսությունը միշտ լավագույն միջոցն է սոցիալական զարգացման համար, քննարկումները բարեփոխումների թեմայի և Բելառուսի ապագայի վերաբերյալ», – եզրափակել են կոչի հեղինակները:

Բելառուսում արդեն հինգերորդ օրն է՝ բողոքի ցույցերը շարունակվում են: Ցուցարարները հանրապետության քաղաքների փողոցներ են դուրս եկել օգոստոսի 9-ին, երբ անցկացվել էին նախագահական ընտրություններ: Նրանք դժգոհ են ընտրության կազմակերպումից և քվեարկության արդյունքներից:

Ընդդիմության բոլոր չորս թեկնածուները վիճարկում են արդյունքները:

Ըստ ԿԸՀ-ի՝ 80,08 տոկոսով հաղթել է պետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, որը 26 տարի ղեկավարում է երկիրը:

Բողոքի ակցիաների ընթացքում մայրաքաղաքում նկատվել է ամենաբարդ իրավիճակը. Ցուցարարները հրաժարվել են ցրվել, անվտանգության ուժերը ցրելու համար օգտագործել են ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, խլացուցիչ նռնակներ և ռետինե փամփուշտներ: Մեկ մարդ մահացել է, մի քանի հազար մարդ ձերբակալվել է, իսկ շատերը հիվանդանոցներում են: