Ալիևի մամուլի ծառայությունը «գաղտնազերծել» է Ալիևի՝ Պուտինին զանգելու գլխավոր նպատակը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Կրեմլի մամուլի ծառայությունը երեկ հայտնել էր, որ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Պուտինն ու Ալիևը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ՝ հայ-ադրբեջանական սահմանագոտում տեղի ունեցած հուլիսյան լարվածության համատեքստում:

Ռուսական կողմն ընդգծել է լարվածության սրմանը նպաստող ցանկացած գործողության կանխման կարևորությունը:

Այսօր արդեն Ադրբեջանի մամուլի ծառայությունը ,գաղտնազերծելե է, թե որն է եղել Պուտինին զանգելու հիմնական պատճառը, որի մասին Կրեմլը լռում է:

Ըստ աղբյուրի՝ Ալիևը Պուտինի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողություններից հետո, հուլիսի 17-ից սկսած Ռուսաստանից Հայաստան ռազմական բեռների տեղափոխման ինտենսիվությունը բարձրացել է, ինչն ադրբեջանական հասարակության մեջ անհանգստության տեղիք է տվել:

Ալիևի խոսքով, հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողություններից անմիջապես հետո Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի օդային տարածքով Ռուսաստանից Հայաստան տեղափոխված ռազմական նշանակության բեռների ծավալը գերազանցել է 400 տոննան, ուստի հեռախոսազրույցի գլխավոր նպատակը եղել է այս հարցի պարզաբանումը:

Հայկական կողմը դեռևս չի մեկնաբանել։