Չեմ կարծում, թե պետք է նպատակ դնենք մեր առաջ վարակակիրների 0 թվին մոտենալու մասով, ինչ-որ թվի շրջանակում պահելը` 50-100-ի, մեզ համար նույնպես պետք է ընդունելի լինի. Արսեն Թորոսյան

Այսօր կառավարությունն արտահերթ նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, նախքան նիստի օրակարգին անցնելը, ներկայացրեց նախորդ օրվա տվյալները` համավարակի հետ կապված:  «Երեկվա դրությամբ հաստատված 201 դեպք ունենք` կատարված 1710 հետազոտությունից, ինչը տեղավորվում է այն նույն միտման շրջանակում, որի մասին մի քանի շաբաթներին խոսում ենք: Այսինքն՝ յուրաքանչյուր հաջորդ շաբաթ օրական արձանագրված դեպքերի թիվը մոտավորապես 50-ից 100-ով ավելի ցածր է, քան նախորդ շաբաթ այդ օրն արձանագրված դեպքերը: Այն տրամաբանությունը, որ մենք նշում ենք, թե ունենք հնարավորություն այս թվերն իջեցնելու, մնում է ուժի մեջ»,- ասաց նա:

Թորոսյանը նշեց, որ կա բավական թեթև հիվանդանոցային վիճակ` կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող, թե սովորական, թե ռեանիմացիոն մահճակալների մասով, ինչպես նաև ունենք իջած թվեր` ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների, որը դեռ տատանվում է մոտ 300-ի շրջանակում, բայց այս իջեցման միտումները ևս պահպանվում են:

«Իհարկե ոչ իմ ասած 50-100 շրջանակում, ավելի փոքր թվով է իջնում, որովհետև ռեանիմացիոն հիվանդները շատ երկար են պառկում, լինում է մինչև 50-60 օր պառկող պացիենտներ ենք ունենում: Ամփոփելով կարող եմ ասել, որ հաղթահարման փուլը շարունակվում է, և մեր ջանքերը` մեր դրած կանոններին հետևելու իմաստով, իր արդյունքները տալիս են, և հույս ունենք, որ տեմպը կշարունակվի: Իհարկե, 0 թվին մոտենալու մասով, չեմ կարծում, թե մենք նման նպատակ պետք է դնենք մեր առաջ, հավանաբար ինչ-որ թվի շրջանակում պահելը` 50-100-ի, մեզ համար նույնպես պետք է ընդունելի լինի այն իմաստով, որ շատ դժվար է լինելու հասնել 0-ի միայն կանոնները պահելով, այսինքն` կորոնավիրուսի հետ ապրել սովորելու իմաստով»,- ասաց նա: