ՀՀ ամբողջ տարածքում վերացվում է հավաքների և գործադուլների արգելքը, ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց՝ ՀՀ մուտքի արգելքը, մեղմացվում են ժամանցային բնույթի միջոցառումների սահմանափակումները. Ռ. Բադասյան

ՀՀ ամբողջ տարածքում վերացվում է հավաքների և գործադուլների արգելքը, որը փոխարինվում է թույլտվությամբ, սակայն որոշակի կանոնների պահպանման պայմանով: Այս մասին Կառավարության արտահերթ նիստին, արտակարգ դրությունը երկարաձգելու հարցի քննարկման ընթացքում հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Մասնավորապես՝ անհրաժեշտ է պարետի սահմանված կարգով և պահանջների համապատասխան դիմակի կրումը և անձանց միջև առնվազն 1.5 մ սոցիալական հեռավորության պահպանումը»,-նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ չնայած նկատվում է վարակի աճի տեմպերի նվազում, սակայն շարունակում են բարձր մնալ վարակի հետևանքով մահացության և վարակի տարածման ցուցանիշները: «Այն հանգամանքները, որոնք հիմք են եղել արտակարգ դրությունը հայտարարելու համար, դեռևս պահպանվում են: Սա արտակարգ դրության ժամկետի 5-րդ երկարաձգումն է»,-նշեց նա:

Անդրադառնալով մյուս մեղմացումներին՝ Բադասյանը նշեց, որ նախ վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց՝ ՀՀ մուտքի արգելքը, միաժամանակ նախատեսվում է, որ ՀՀ մուտք գործելիս, եթե անձի նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում, ապա վերջինս 14 օրով ինքնամեկուսացվում է. «Սակայն մեկ նորամուծություն կա՝ 14 օրվա ընթացքում հնարավոր է իրականացնել թեստ, և բացասական ելքի դեպքում ինքնամեկուսացման ռեժիմը փոխվում է»,-ընդգծեց Բադասյանը:

Նա հավելեց նաև՝ մեղմացվում են նաև ընտանեկան արարողությունների և ժամանցային բնույթի միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումները՝ թույլատրելով դրանց կազմակերպումը, անցկացումը և մասնակցությունը թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավելի, քան 40 մասնակցով և պահպանելով պարետի որոշումներով սահմանված անվտանգության կանոնները:

Վերացվել է նաև մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը:

Հաջորդիվ, Բադասյանի տեղեկացմամբ, վարակակիրների հայտնաբերման և ինքնամեկուսացման նպատակով էլեկտրոնային հսկողության կարգում հստակեցվել է միայն վարակակիրների, կոնտակտավորների և ինքնամեկուսացված անձանց մասով համապատասխան տվյալներ ստանալու հնարավորությունը՝ ոչ ավել, քան 14-օրյա ժամկետի կտրվածքով: