«Մեդիա պաշտպանը» Հայաստանի մեդիա դաշտին հետևում է 24/7 ռեժիմով և օպերատիվ է արձագանքում առավել հնչեղ զարգացումներին․ Աղասի Ենոքյան

Նախկին ոստիկանապետի և «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցների միջև կոնֆլիկտը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում՝ ներառելով քարոզչական նորանոր շերտեր։ Երեկ նկատեցի, որ Հայաստանի մեդիա դաշտում 3-4-ական նշանակություն ունեցող որոշ լրատվամիջոցներ հիմա էլ փորձում են այս հարցի մեջ ներքաշել Հայաստանում գործող լրագրողական կազմակերպություններին, և առիթը չեն կորցնում հանիրավի վարկաբեկելու «Մեդիա պաշտպանին» և կեղծ տեղեկություններ տարածելու, թե մենք չենք միացել այլ լրագրողական կազմակերպությունների կոչին, դատապարտմանը, և այլն։

Հատուկ այս լրատվամիջոցների համար նշեմ, որ «Մեդիա պաշտպանը» Հայաստանի մեդիա դաշտին հետևում է 24/7 ռեժիմով և օպերատիվ է արձագանքում առավել հնչեղ զարգացումներին։ Մենք ունենք աշխատանքային մեր մեթոդաբանությունը և չենք սպասում, որ մի քանի կազմակերպություններ կոորդինացնեն իրենց ջանքերը, համաձայնեցնեն տեքստերը, և նոր միայն հանդես գան հայտարարությամբ։ Մեր արձագանքը շատ ավելի օպերատիվ է լինում։

Այս միջադեպի հետ կապված ևս «Մեդիա պաշտպանը» ժամեր անց հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով ինչպես լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելը և նրանց հանդեպ սպառնալիքները, այնպես էլ քաղաքացիների անձնական տարածք ներխուժելը՝ կոչ անելով նման խնդիրները հարթել իրավական դաշտում։ Ընդհանրապես, մենք այն կարծիքի ենք, որ ժողովրդավարական երկրում մեղադրական եզրակացությունները պետք է տան դատարանները, ոչ լրագրողները, և ոչ էլ լրագրողական կազմակերպությունները։

Հատուկ չեմ նշում բամբասկոտ լրատվամիջոցների անունները՝ հույս ունենալով, որ նրանք ժամանակի ընթացքում կաճեն ու իրենց արժանի տեղը կզբաղեցնեն Հայաստանի մեդիա դաշտում։ Բայց մինչ այդ նրանց մի բարի խորհուրդ՝ որևէ իրադարձության մասին գրելուց, մանավանդ՝ բամբասելուց առաջ, ծանոթացեք իրողություններին, այլապես դուք չեք աճի մինչև լրատվամիջոց։

Աղասի Ենոքյան

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար

#Մեդիա #Մեդիապաշտպան #Media #MediaAdvocate