Արմեն Սարգսյանի մասին բազմաթիվ բացասական հոդվածներ են դիտարկվել

2020 թ-ի հուլիսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 480 հոդված, որոնցից 20-ը եղել է բացասական, 7-ը՝ դրական, 453-ը՝ չեզոք։

Նախագահ Արմեն Սարգսյանի մասին բազմաթիվ բացասական հոդվածներ են դիտարկվել։

Սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանն, անդրադառնալով իրեն առաջարկված ՍԴ դատավորի պաշտոնում իր թեկնածություն առաջադրելուն, ասել է. «Հանրապետության նախագահի աշխատակազմից ինձ մի քանի օր առաջ երկու անգամ հարցրին, թե նախագահը կարո՞ղ է նորից քննարկել իմ թեկնածությունն առաջադրելու հարցը։ Ես երկու անգամ մերժել եմ իմ թեկնածության առաջադրումը, որովհետեւ երեք դատավորների պաշտոնավարման դադարեցումը համարում եմ հակասահմանադրական, ուստի չեմ կարող ինձ թույլ տալ առաջադրվել հակասահմանադրական եղանակով թափուր մնացած տեղի համար»։

Նույն թեմային շուրջ լրատվականները հայտնում են, որ Սահմանադրական դատարանում դատավորի երեք թափուր հաստիք կա, և սեպտեմբերին մեկնարկող հերթական նստաշրջանում պետք է տեղի ունենան նրանց ընտրությունները, իսկ մինչ այդ էլ պետք է առաջադրումներ անեն կառավարությունը, նախագահ Արմեն Սարգսյանն ու Դատավորների ընդհանուր ժողովը, սակայն պարզվում է, որ վերջիններս թեկնածու չեն գտնում:

Երևան քաղաքի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն, անդրադառնալով Արմեն Սարգսյանին, ասել է. «Իմ երկրում նախագահի դերակատարը ոմն մեկն է, ով չունի ՀՀ քաղաքացիություն, և այս հանգամանքը վիրավորում է ինձ»։

Ըստ մամուլի՝ երկու օր տարբերությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը դրամահավաքային կոչերով են հանդես գալիս: «Նիկոլը «էստի համեցեք» է անում դեպի «Զինվոր» հիմնադրամ, իսկ նախագահն էլ՝ «Հայաստան» համահայկական հիմադրամ»։

Ֆեյսբուքյան օգտատեր Վահրամ Պետրոսյանն, անդրադառնալով զինվորների համար նախատեսված 1000 դրամներին, գրել է. «Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող գաստրալյորը կոչ ա արել փող փոխանցել Հայաստան հիմնադրամին՝ սահմանային բնակավայրերին աջակցելու համար: Զավեշտը գիտե՞ք՝ որն ա. եվրոյով միլիոնատեր Արմեն Սարգսյանը էս ողջ ընթացքում մի քոռ կոպեկ անգամ չի փոխանցել Զինծառայողների ապահովության հիմնադրամին կամ սահմանային բնակավայրերին: Ոչ մի կոպեկ, բայց այ կոչեր անելով PR-վել՝ ինչքան ուզեք»։

Հրապարակումը պատրաստվել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ

#ՀՀ #Նախագահ #ԱրմենՍարգսյան #Մեդիա #Մեդիապաշտպան