ՄԱԿ-ը կոչ է անում անկախ հետաքննություն անցկացնել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (OHCHR) կարծում է, որ պետք է իրականացվի անկախ և թափանցիկ հետաքննություն` Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հանգամանքների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Panorama.am-ը՝ վկայակոչելով գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ռուպերտ Քոլվիլի խոսքը։

Նրա խոսքով, դեպքի համար պատասխանատու անձանց հայտնաբերելու համար զոհերի կոչերը պետք է լսվեն, ներառյալ պայթյունի վերաբերյալ անաչառ, անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն պետք է անցկացվի:

Ինչպես ընդգծել է Քոլվիլը, ներկայիս միջավայրում առավել քան երբևէ անհրաժեշտ է հավաքական գործողությունների և բարեփոխումների միջոցով պաշտպանել ամենաաղքատների և ամենախոցելի անձանց իրավունքները։

Ըստ նրա`  Բեյրութում տեղի ունեցած ողբերգությանը միջազգային արագ արձագանք է պահանջում: «Համաշխարհային հանրությունը պետք է օգնի Լիբանանին ճգնաժամի այս պահին»,- շեշտել է Քոլվիլը։