Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Ալեքսան Առաքելյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Ալեքսան Առաքելյանի ծննդյան օրն է. նա կդառնար 38 տարեկան։

Ալեքսան Առաքելյանը ծնվել է 1982 թվականին, Գյումրի քաղաքում: Սովորել է Գյումրու տեղի դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո 2001 թվականին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: 2004 թվականին, ավարտելով ինստիտուտը, 10 տարի ծառայել է հարավային սահմանին՝ որպես դասակի հրամանատար: 2014 թվականին ուսումը շարունակել է ռազմական ակադեմիայում, որից հետո տեղափոխվել Վարդենիսում գտնվող զինվորական երկրորդ կորպուս՝ որպես ծառայության պետ: Հետագայում անցել է հարավային սահման և նշանակվել հրամանատարի մարտական գծով առաջին տեղակալ: Փոխգնդապետ Ալեքսանի անունով Գյումրիում բացվել է պուրակ:

Մասնակցել է 2016 թվականի ապրիլյան մարտագործողություններին: Զոհվել է ապրիլի 2-ին՝ Ջրականում (Ջաբրայիլ) ծավալված մարտական գործողությունների ժամանակ։

Բարձունքի պաշտպանության ժամանակ քաջաբար մարտնչելիս նրա հետ քաջաբար ընկել են Օնիկ Գրիգորյանը, Մաքսիմ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, Սուրեն Մելքումյանը, Սաշա Գալստյանը, Բագրատ Ալեքսանյանը, Կարեն Ներսիսյանը,  Ժորա Եսայանը, Բորիս Օզմանյանը, Ադամ Սահակյանը,  Տիգրան Բերակչյանը, Անդրանիկ Գրիգորյանը։

Մերօրյա հերոսը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից ,Մարտական Խաչե 1-ին աստիճանի շքանշանով և ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով: