Թրամփը հրամանագիր է ստորագրել`պայքարելու TikTok- ի և WeChat-ի «սպառնալիքների» դեմ

Օգոստոսի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է «սպառնալիքի դեմ պայքարի մասին» հրամանագրերը, որոնք ենթադրաբար բխում են չինական WeChat և TikTok հավելվածներից:

Ըստ փաստաթղթերի՝ 45 օրվա ընթացքում պետք է դադարեցվի ամերիկյան իրավասության տակ գտնվող ցանկացած գործարք չինական ընկերությունների՝ ByteDance և Tencent- ի հավելվածների տերերի հետ։

Որոշումներում TikTok- ը և WeChat- ը համարվում են որպես սպառնալիք ԱՄՆ-ի ազգային անվտանգության, տնտեսության և քաղաքականության համար:

ԱՄՆ վարչակազմը մեղադրել է հավելվածների տերերին՝ օգտատերերի տվյալների՝ ներառյալ գտնվելու վայրի և որոնման պատմության հավաքագրման մեջ:

«Հնարավոր է, որ դա թույլ էր տալիս Չինաստանին հետևել դաշնային և պայմանագրային աշխատողների գտնվելու վայրը, ստեղծել շանտաժի համար անձնական տեղեկատվության փաստաթղթեր և անցկացնել արդյունաբերական լրտեսություն», – ասվում է հրամանագրում:

Օգոստոսի 3-ին Միացյալ Նահանգների նախագահը հայտարարեց, որ Microsoft-ը կամ ամերիկյան մեկ այլ ընկերություն մինչև սեպտեմբերի 15-ը պետք է գնեն TikTok- ը, հակառակ դեպքում երկրում հավելվածը արգելվելու է:

Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ Microsoft-ը բանակցությունների մեջ է, բայց պատրաստ չէ վճարել ավելի քան 30 միլիարդ դոլար, մինչդեռ Չինաստանի ByteDance-ը հավելվածը գնահատում է 50 միլիարդ դոլար:

Նկատենք, որ TikTok- ը կարճ տեսանյութեր ստեղծելու և դիտելու ծառայություն է: WeChat- ը ծրագիր է, որը միավորում է մեսենջերը, սոցիալական ցանցը և էլեկտրոնային վճարային համակարգը: