Բեյրութի պայթյունից մահացած 11 հայերից ևս 2-ի ինքնությունը հայտնի է

Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած աղետալի պայթունի զոհ են դարձել հարյուրավոր լիբանանցիներ, որոնցից 11-ը հայեր են: Նրանցից 2-ի ինքնությունը ևս պարզվել է՝ Շանթ Հակոբյան և Ալիս Բալայան։ Այս մասին գրում է «Արևելք»-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև 9 զոհերի ինքնությունը՝ Նազար Նաջարյան, Ջեսիքա Պէզճյան, Տելիա Փափազյան, Ժակ Բարամագյան, Անահիտ Բերբերյան, Լիզա Գավուքճեան-Կոզուպէօուքեան, Վարուժան Թոսունյան, Կայա Ֆոտուլյան, Սարգիս Թեքիրյան:

Գրող-հրապարակախոս Սաքո Արեանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Շանթ Հակոբյանի երազը կիսատ մնաց.

«Շանթը իմ սերունդից է, Բեյրութի պատերազմների բովով անցանք, քանի անգամ կրակ և ռումբ տեսանք, պայքար տարանք, սիրեցինք մեր ծննդավայրը, սիրեցինք Բեյրութը և ապրեցանք այդ Բեյրութի համար։ Շանթը մինչև իր կյանքի վերջին վայրկյանը հավատաց Լիբանանին։

Հավատաց, որ վաղվա օրը ավելի լավ ու գեղեցիկ օր պիտի լինի. Կյանքի ասպարեզ նետվեց և հիմնեց փոքր արհեստանոց։ Գտավ իր կյանքի կեսը, սիրեց, կազմեց ընտանիք ու դարձավ երկու զավակների հայր։ Այսօր Շանթը չկա, նա միացավ այն զոհերուն, որոնց արյունը անգամ պետք է օգնի Բեյրութին նոր կյանք սկսելու ու նորից ոտքի կանգնելու։ Շանթ Հակոբյանը չկա … Մնաց նրա ժպիտը, որ միշտ մեր հետ պիտի լինի, մեզ նոր կյանք տալու, մեզ սեր բաշխելու…»։