Գնում-գալիս ենք սրբերի շիրիմների վրայով ու մեզ քրիստոնյա համարում (տեսանյութ)

Իսկ սրբերի հոգիները թերևս անհանգիստ են ու զգացնել են տալիս

Ասում ենք, չէ՞, որ Հայաստանը քրիստոնեությունն աշխարհում առաջինը պետականորեն ընդունած երկիրն է: Այո, դա այդպես է, բայց այդ Հայաստանից ի՞նչ է մնացել… Հայաստանի նախկին ու ներկա իշխանությունները կարո՞ղ են ասել, որ իրենք քրիստոնյա են…

Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասումից առաջ հայ իրականության պաշտոնապես վերջին սրբի` Մովսես Տաթևացու (Մովսես Գ Սյունեցու) տապանաքարի վրա վաղուց հատակ է, այդտեղ մարդիկ են ապրում ու տապանաքարի վրա անցուդարձ անում: Մեր հասարակությունը Խորհրդային կայսրության հավատամերժության, աստվածուրացության և Աստծո դեմ մարտնչելու տարիներին է պարտական, որ հիմնականում տեղյակ չէ այս յուրօրինակ սրբապղծությանը: Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաները գրեթե չեն տարբերվում խորհրդային անհավատ չինովնիկներից:

Քչերը գիտեն, որ Երևանում, Սուրբ Հովհաննես եկեղեցու շրջապատում եղել է մի մեծ ու հին գերեզմանոց, որը կոչվել է Կոզեռնի գերեզմանոց: Այն սկսվել է Կոնդից, շարունակվել ներկայիս ԱԺ շենքի տարածքով, Կամոյի դպրոցի մոտով և հասել գրեթե մինչև ժամացույցի գործարան: Երբ խորհրդային իշխանություններն անցյալ դարի 30-ական թվականներին փակել, քանդել են եկեղեցիները, ավերել են նաև այդ գերեզմանոցը, որտեղ մինչև 1930-ական թվականները թաղումներ են իրականացվել: Կոզեռնի գերեզմանոցի տապանաքարերով 30-ական թվականների վերջին կառուցել են թիվ 29 դպրոցը (Սարյան փողոցի հարևանությամբ):

Կոզեռնի գերեզմանոցում եղել է Սուրբ Հովհաննես Կոզեռնի (13-րդ դար) մատուռը` կառուցված 1630-ական թթ., որի պատերն այսօր էլ դեռ պահպանված են: 1679թ. մատուռը երկրաշարժից ավերվել է, ապա վերականգնվել: Հետագայում խորհրդային իշխանությունները որոշել են այն դարձնել բնակելի և վաճառել են` անտեսելով, որ այդ մատուռում թաղված են հայոց երեք մեծեր` Սուրբ Հովհաննես Կոզեռն վարդապետը (11-րդ դար), որը նաև գիտնական է եղել, տոմարագետ, Մելիքսեթ Վժանեցի (Ուջանեցի) կաթողիկոսը (15-րդ դարի վերջ) և Մովսես Տաթևացին` 17-րդ դարի սկզբին հայոց կաթողիկոսը և մինչև Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասումը, մեր եկեղեցու կողմից սուրբ հռչակված վերջին անձը:

Այդ մատուռի պատերն այսօր թեև կանգուն են, սակայն այնտեղ` մատուռի տեղում, բնակելի տներ են, սենյակների որոշ պատեր` մատուռի պատերը: Սրբերի շիրիմների վրա հատակապատում է արված, մարդիկ են ապրում այդ տանը և գնում-գալիս նրանց շիրիմների վրայով: Ասում են, որ անցյալ դարում այդ տարածքը և մատուռը գնած անձը միայն տվյալ վայրում տուն կառուցելուց հետո է իմացել, որ այն Կոզեռնի գերեզմանատան մատուռն է։

Ի դեպ, Հովհաննես Կոզեռնն այն մարդն է եղել, որ դուրս է եկել Անի քաղաքի փողոցներ և ապաշխարություն քարոզել: Նա ասել է, որ եթե չապաշխարեք, Անին կկործանվի և այլևս մեջը մարդ չի բնակվի, որովհետև ձեր մեջ եղած օտարականներին սպանում եք, ունեցվածքը հափշտակում, որբի ձեռքից հաց եք փախցնում, որբևայրիների իրավունքները ոտնահարում: Երբ որ նա քարոզել է, Հովհաննես Կոզեռնին ծաղրել են: Նրա մահից հետո Անին կործանվել է և, ինչպես հայտնի է, մինչև այսօր անբնակ է:

Կոզեռնի գերեզմանոցի, ավելի ճիշտ, նրա մի հատվածի տեղում, Կոնդ թաղամասի հարևանությամբ այսօր Կոզեռն թաղամասն է, որը նույնիսկ երևանցիներից քչերին է հայտնի: Անցյալ դարի 70-ական թվականներին այդ թաղամասում մի քանի գերեզմանաքարեր դեռ նշմարվել են… Կոզեռն թաղամասում նոր տներ կառուցողներից ոմանք գետինը փորելու ընթացքում հանել են գանգեր և ոսկորներ, հասկանալի է, նշված գերեզմանատանը թաղվածների ոսկորները։

2018թ. վերոնշյալ տան բնակիչը` Ֆ. Մկրտչյանը, հայտնել է, որ Գարեգին Բ կաթողիկոսը եկել է այդտեղ, ասել, որ իրեն հավանաբար կտրամադրեն համապատասխան տուն, կվերցնեն տվյալ տարածքը և այնտեղ կառուցված տունը, կվերականգնեն մատուռը: Մի շարք պաշտոնյաներ նույնպես նույն առաջարկով դիմել են իրեն, սակայն մինչ այժմ ոչինչ չի արվել։

Մատուռի մուտքի պատի արտաքին հատվածն էլ այնտեղ ապրող մեկ այլ բնակչի տան ննջասենյակի պատն է:

55-ամյա Վազգեն Ջանազյանի տան դուռը ժամանակ առ ժամանակ թակում են անծանոթներ տարբեր խնդրանքներով` վախը հանելու արարողության համար մի բուռ մարդկային ոսկորներ ուզելուց մինչեւ տանը մոմ վառելու թույլտվության համար»,- Urbanista.am կայքում հրապարակված ««Սուրբ հոգիների» տունը» հոդվածում գրել է լրագրող Անահիտ Մինասյանը և տեղեկացրել, որ այդ տարօրինակ խնդրանքների պատճառը Ջանազյանների տան տեղն է, 1940 թ. Վ. Ջանազյանի հայրը` Գրիշա Ջանազյանը, իր տունը կառուցել է Կոզեռնի գերեզմանատան կիսավեր մատուռի հարևանությամբ:

Եվս մեկ մեջբերում հիշյալ հոդվածից. «Գերեզմանոցի մատուռի պատճառով է, որ ուխտավորների հոսքը Ջանազյանների տուն չի դադարում: «Տանը նստած ենք, մեկ էլ դուռը կթակեն անծանոթ մարդիկ, թե բա՝ կլինի գանք հպվենք սրբի գերեզմանին: Ախր, Հովհաննես Կոզեռնի ու մյուս երկու հոգևորականների գերեզմանները գտնվում են տան նկուղում՝ երկու մետր խորության վրա: Նկուղի մուտքը փակել ենք կահույքով, իսկ ննջասենյակի մուտքի կողքը ուղանկյունաձև ելուստ ենք սարքել, որը մատնանշում է, թե հենց դրա տակն է Կոզեռնի գերեզմանը», – ասում է Վազգեն Ջանազյանը»:

Ամենաուշագրավը, թերևս, հոդվածի վերջն է, ըստ որի, տանը տարօրինակ բաներ են տեղի ունենում, և տան անդամներից ոմանք վախեցած են:

«Հաճախ ինձ թվում է, թե անընդհատ ինչ-որ մեկի անդադար հայացքի տակ եմ… Երբ նոր էի ամուսնացել, վախենում էի անցնել հատկապես այդ սենյակի (մատուռի պատին հարող ննջասենյակի) կողքով… Մեզ համար արդեն սովորական է դարձել, երբ լսում ենք թակոցներ կամ դուռը ճռռալով բացվում-փակվում է… Մի քանի օր առաջ, գիշերը ննջասենյակի դուռը թակեցին, բացեցինք, սակայն պարզվեց, որ տանը բոլորը քնած են»,- պատմում են տան հարսները:

Վազգենի որդուն` 29-ամյա Գրիշա Ջանազյանին այլևս ոչինչ չի վախեցնում.

«Այն, ինչ շատերի համար սարսափեցնող է՝ մենք սովոր ենք: Օրինակ, նույն՝ դռան բացվել-փակվելը: Մորս հետ նստած էինք ու տեսանք, թե ինչպես այն բացվեց ու այնուհետ փակվեց. կարծեցինք, թե տնեցիներից մեկն եկավ, սակայն փոշմանեց ու դուրս եկավ տանից: Գնացինք՝ մարդ չկար: Նույն կերպ ինձ համար շատ սովորական էր, ու համադասարանցիներիս համար՝ սարսափելի, երբ դպրոցում անատոմիայի դասի համար գանգ տարա»:

Ոմանք վերոնշյալ տարօրինակ երևույթները վերագրում են նրան, որ սրբերի հոգիներն են անհանգիստ, ախր նրանց շիրիմների վրա և մատուռի տեղում տներ են կառուցվել, մարդիկ են ապրում, սակայն անկախ նույնիսկ դրանից, անհապաղ պետք է միջոցներ ձեռնարկել` տվյալ տարածքը բնակելի տներից ազատելու և մատուռը վերականգնելու համար:

Սուրբ Զորավոր եկեղեցու ծխական խորհուրդը տարիներ առաջ դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին, նրանից օրհնություն ստացել, այնուհետև խորհրդի անդամներից Խաչիկ Ստամբոլցյանը գնացել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանի մոտ, նրան ներկայացրել խնդիրը: Վերջինս, ըստ պարոն Ստամբոլցյանի, պատրաստակամությամբ լսել է իրեն, իմանալով այս պատմությունը, շատ հուզվել: Ապա ասել է` եթե առաջնորդից նամակ բերեք, կփորձեմ, չեմ խոստանում, բայց ամեն ջանք կգործադրեմ` ազատելու այդ սրբավայրը: Այնուհետև Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական փոխանորդ Նավասարդ Կճոյանի համապատասխան նամակը հանձնվել է ՀՀ կառավարություն, բայց խնդիրը մինչև օրս էլ մնում է չլուծված:

Տեսանյութը` այստեղ

Արթուր Հովհաննիսյան