Թուրքիան և Պակիստանը վերակենդանացնում են արմատական սուննի պան-իսլամիզմը

Կտրուկ սրվել է իրավիճակը Աֆղանստանում, և Հայաստանում ոչ ոք չպետք է մտածի, որ «սա մեզ չի վերաբերում»: Դժբախտաբար, Աֆղանստանում տեղի ունեցած բոլոր վերջին իրադարձությունների հետևում թաքնված է շատ վտանգավոր գործընթաց․ Հայաստանի և հայության երկու թշնամիներ՝ Թուրքիան և Պակիստանը, փորձում են վերակենդանացնել ագրեսիվ սուննի պան-իսլամիզմը: Այս գործընթացը «հովանավորվում է» ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից: Մենք արդեն հայտնել էինք, որ Թուրքիան պլաններ ունի ահաբեկիչներին Անդրկովկաս տեղափոխելու համար: Եվ մտավախությունը, թե թուրքերը կցանկանան օգտագործել հանցագործներին Հայաստանի և մեր ազգի դեմ հնարավոր պատերազմում, հիմնավոր է: Մենք նաև գրել ենք, որ Անկարան հստակ կցանկանա օգտագործել ծագումով թյուրք ահաբեկիչներին Անդրկովկասում, քանի որ նման ահաբեկիչների մեծ մասը կենտրոնացած է «Հիզբ ատ-Թուրքեստանի» (Թուրքեստանի իսլամական կուսակցություն) ծագումով թյուրք գրոհայիններով համալրված խմբավորման մեջ: Բայց այժմ տեսանելի է Թուրքիայի ծրագրերի ևս մեկ դեր՝ Պակիստանի և Միացյալ Նահանգների հետ միասին, թուրքերը ցանկանում են պատերազմ սկսել Կենտրոնական Ասիայում, իհարկե, Աֆղանստանի միջոցով: Պակիստանի զինված ուժերի կողմից աֆղանական խաղաղ բնակիչների կանխամտածված սպանությունը պատերազմը հրահրելու քայլերից մեկն է: Անկարայի և Իսլամաբադի այսօրվա ջանքերի նպատակը դեռևս նույնն է՝ Ռուսաստանի և Իրանի «քթի տակ» բազմաթիվ պատերազմներ «նետել»: Եվ այժմ պարզ է, որ Ալիևների ընտանիքի «Ապշերոնյան խանությանը» օգնություն կցուցաբերեն ոչ միայն Թուրքիան, այլև Պակիստանը…

Պանթուրքիստներն ու Պակիստանի պան-իսլամիստները վաղեմի պատմական կապեր ունեն: Ներկայիս թուրք-պակիստանյան հարաբերությունների սկիզբը դրվել է 100 տարի առաջ: 1918-22 թվականներին Բրիտանական Հնդկաստանում գործում էր «Խալիֆայական շարժում», որն առաջացել է Մեծ Բրիտանիայի և ընդհանրապես Անտանտի կողմից Օսմանյան կայսրության բաժանումը կանխելու պատրվակով և պաշտպանելու խալիֆայության ու թուրքական սուլթանի գաղափարը: Քանի որ Բրիտանական Հնդկաստանում բնակվող մահմեդականները քեմալիստներին ֆինանսական աջակցություն էին ցուցաբերում Թուրքիայի անկախության համար պատերազմի ժամանակ, 1947 թ. Անկարան անհապաղ դիվանագիտական ​​հարաբերություններ է հաստատել Պակիստանի նորաստեղծ պետության հետ: Դեր էր  ունեցել նաև անձնական գործոնը: Պակիստանի հիմնադիր Մուհամմադ Ալի Ջինան լավ էր արտահայտվում Աթաթուրքի մասին: Նույն կերպ էր վարվում նաև 1999 թ. իշխանության եկած նախագահ Պերվեզ Մուշարաֆը։ Երկու երկրներն էլ միջազգային մակարդակով շարունակաբար արդյունավետ աջակցություն են ցուցաբերում միմյանց: 1974-ին Պակիստանը միակ ասիական երկիրն էր, որ աջակցել է թուրքական գործողություններին Կիպրոսում: 2003 թ. թուրքերի նախագահ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ընթացքում, Պակիստանի վարչապետ Շաուքաթ Ազիզը հայտարարել է. «Ինչ քայլեր էլ Թուրքիան ուրվագծի Հյուսիսային Կիպրոսի հետ կապված, մենք ասում ենք, որ աջակցում ենք դրան առանց որևէ վերապահումների, մենք 100%-ով թուրքական կողմից ենք»: Նախագահ Մուշարաֆը նաև հայտարարել է, որ «Պակիստանը լիովին պաշտպանում է թուրք կիպրացիների պայքարը նրանց արդար գործի համար»:

Չնայած 90-ականներին երկկողմ հարաբերությունների վատթարացմանը (պատճառն այն է, որ Թուրքիան աջակցում էր Հյուսիսային դաշինքին Աֆղանստանում, իսկ Պակիստանը օգնում էր «Աֆղանստանի իսլամական էմիրությանը» և «Թալիբան» շարժմանը), 2001-ին Թուրքիայի նախագահ Ահմեթ Նեջդեթ Սեզերը հայտարարել է իր աջակցությունը Պակիստանին՝ Քաշմիրի հակամարտության հարցում… Իսկ Էրդողանը 2003 թվականի հունիսին հայտարարել է. «Մենք համարում ենք, որ Պակիստանի բոլոր գործողությունները Քաշմիրի խնդիրը լուծելու համար շատ դրական են, և մենք բարձր ենք գնահատում դրանք: Թուրքիան լիովին աջակցում է Պակիստանին՝ Քաշմիրի խնդրի հարցում: Խնդիրը պետք է հնարավորինս շուտ լուծվի»: 2020 թվականի փետրվարին Անկարայի և Հնդկաստանի ղեկավարության միջև հարաբերությունները վատթարացել են կապված նախագահ Էրդողանի՝ Պակիստանին և Քաշմիրի ահաբեկիչներին ցուցաբերած բացահայտ աջակցության, ինչպես նաև Թուրքիայի նախագահի՝ ֆինանսական գործողությունների հարցերով հանձնախմբի (միջկառավարական կազմակերպություն, որը զբաղվում է հանցավոր փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարով) հետ հակամարտության գործում Իսլամաբադին օգնելու խոստման հետ։ Մենք տեղեկացրել ենք Հայաստանի քաղաքացիներին այն մասին, թե որքան կոշտ և նույնիսկ կոպիտ կերպով Հնդկաստանի ղեկավարությունը «տեղն է դրել»  այդ ժամանակ «չհանգստացող» Էրդողանին:

Անհրաժեշտ է նշել այդ երկու երկրների միջև համագործակցության բարձր մակարդակը ռազմական ոլորտում: Սառը պատերազմի ժամանակ երկու երկրներն էլ անդամակցում էին ՍԵՆՏՕ ռազմաքաղաքական դաշինքին: 1988 թ. ստեղծվել է թուրք-պակիստանյան ռազմական խորհրդատվական խումբ՝ ռազմական կրթության և պաշտպանական արդյունաբերության ոլորտում փորձի փոխանակման համար: 2003 թ. ստեղծվել է «Բարձրագույն ռազմական երկխոսություն» կազմակերպությունը: Ժամանակ առ ժամանակ Թուրքիան և Պակիստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում: 90-ականների սկզբին Թուրքիայում արդիականացվել էին պակիստանյան F-16 ինքնաթիռները: Բացի դրանից, վերջին երկու տարիներին Թուրքիան դարձել է Պակիստանի բանակի համար զենքի երկրորդ խոշոր մատակարարը՝ Չինաստանից հետո, մասնավորապես, 2018-ին Պակիստանը գնել է 30 թուրքական T-129 ուղղաթիռ՝ 1,5 միլիարդ դոլար արժողությամբ: 2019-ի հոկտեմբերի 11-ին Պակիստանի վարչապետ Իմրան Խանը աջակցել է Սիրիայի հյուսիսում թուրքական զորքերի՝ «Խաղաղության աղբյուր» գործողությանը: Դա պատահական չէր, քանի որ Պակիստանը նախկինում աջակցում էր Թուրքիային՝ Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) դեմ պայքարում:

Մեկ այլ կարևոր նրբությունն այն է, որ Պակիստանում Թուրքիայի կրթության հիմնադրամի կառավարման ներքո գոյություն ունի դպրոցների և քոլեջների ցանց, որտեղ դասավանդում են թուրքերեն լեզվով:

Սերգեյ Շաքարյանց