Թուրքական գրանտներով պատվիրված` հայկական կրթական չափորոշիչներ (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանն է։

Տարիներ առաջ սկսված Հայաստան-Թուրքիա երկխոսության  շրջանակներում մեր երկրում մի հսկայական ցանց ստեղծվեց. հայաստանյան որոշ հկ-ներ, լրատվամիջոցներ, մշակութային ու բիզնես ոլորտներ ներկայացնող կառույցներ արտաքին գրանտներով ոգևորված, դարձան մասնակիցը թուրքական քարոզչության իրականացման: Հիշեցնեմ, որ Եվրոպական միությունը 2014-ի սկզբին այդ կազմակերպություններին տրամադրեց 2 միլիոն եվրո:

Տարբեր ծրագրեր իրականացվեցին, անգամ  հայ-թուրք լրագրողական փոխադարձ այցելություններ եղան: Եվ երբ այդ երևույթից անհանգստացած քննադատում էինք, Հայաստան-Թուրքիա երկխոսությամբ ոգևորվածները մեզ հակադարձում էին՝ ի՞նչ վատ բան կա սրանում, հարևաններ ենք, բա չերկխոսե՞նք: Բայց  պետք էր, չէ՞  գիտակցել, թե երկխոսություն ասելով ի՞նչ է հասկանում հենց ինքը՝ հարևան երկիրը, ազնի՞վ են, արդյոք, նրա նպատակները, ի՞նչ է թաքնված Հայոց ցեղասպանությունը ծրագրած և իրականացրած  պետության նման ջերմեռանդ քայլերի հետևում: Եվ վերջապես, ինչո՞ւ այդքան շռայլորեն բացվեցին թուրքական, նաև ամերիկյան ու եվրոպական «սպոնսերների» դրամապանակները:

Եվ այսօր, դրա դառը պտուղներն ենք քաղում. բացահայտվեց, որ  մեր կրթական չափորոշիչների ստեղծողները հայ-թուրքական երկխոսության դրամաշնորհային ծրագրերի  մասնակիցներ են, և թուրք պատմաբանների հետ համագործակցության արդյունքում 2017-2019 թթ․ հրատարակել են 2 գրքեր, որոցով էլ այսօր ուղղորդվում է կրթական չափորոշիչներ ստեղծող խումբը՝ Լիլիթ Մկրտչյանի գլխավարությամբ:

Հարցազրույցը դիտեք տեսանյութում