Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

Երևանի առաջին ատյանի Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Վահե Միսակյանի, հետաձգվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը:

Դատական նիստի հետաձգման պատճառը Սերժ Սարգսյանի և նրա պաշտպան Ամրամ Մակինյանի, ինչպես նաև Գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի ներկա չգտնվելու հանգամանքն էր: Վերջինս չի ներկայացել առողջական խնդիրների պատճառով:

Առողջական խնդիրների պատճառով դատարան չէր ներկայացել նաև փաստաբան Ամրամ Մակինյանը, ով դիմումով տեղեկացրել էր դատարանին այդ մասին:

«Հայտնում եմ, որ ինքնազգացողության վատթարացմամբ պայմանավորված, թագավարակով վարակված լինելու որոշակի կասկածներ ունենալու պատճառով այսօր առավոտյան «Նաիրի» ԲԿ-ում հանձնել եմ թեստ, որի պատասխանը չեմ ստացել, ուստի նիստին չեմ կարող ներկայանալ»,- փաստաբանի դիմումը հրապարակեց դատավոր Վահե Միսակյանը։

Դատարանը անհարգելի համարեց Սերժ Սարգսյանի բացակայությունը:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15.00-ին: