Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության իր գործընկերոջը

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիին, տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը:

Ուղերձում ասվում է. «Ձերդ գերազանցություն, խոր կսկիծով տեղեկացանք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի մասին:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում մեր խորին ցավակցությունը եւ մխիթարական խոսքը՝ զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ բոլոր տուժածներին՝ շուտափույթ ապաքինում:

Համոզված եմ, որ Լիբանանի ժողովուրդը ուժ և հաստատակամություն կգտնի բուժելու այս աղետի հասցրած վերքերը եւ արագ վերականգնելու ավերածությունները:

Ընդունեք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ցավակցական ուղերձում: