Մեքսիկայի խորհրդարանի հանձնաժողովը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է հղել

Մեքսիկայի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Հայաստանի և Ադրբեջանի սահմանագոտում լարվածության կտրուկ աճի կապակցությամբ ընդունել է հայտարարություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ նշվում է, որ Միավորված Ազգերի Կազմակերպությունն իր ստեղծման օրվանից, արդեն 75 տարի, կոչ է ուղղել անդամ պետություններին հակասությունների լուծումը գտնելու խաղաղ միջոցներով, միջազգային իրավունքի հիման վրա։

«ՄԱԿ-ն իր կանոնադրությամբ` որպես իր ամենակարևոր սկզբունքներից մեկը, հաստատեց «խաղաղության պահպանումը և միջազգային անվտանգությունը»։

Հայաստանը և Ադրբեջանը 20-րդ դարի վերջից գտնվում են հակամարտության մեջ, ինչը հանգեցրել է լրջագույն ճգնաժամի և խլել է բազմաթիվ մարդկային կյանքեր։

2020 թվականի փետրվարին, Մյունխենում Անվտանգության 56-րդ համաժողովին կողմերի միջև հաշտեցման նոր փորձ արվեց։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստարկներ փոխանակեցին հակամարտության հնարավոր լուծման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ հուլիսի 12-ից սկիզբ առած հարձակումների պատճառով վերսկսվեց երկու պետությունների միջև դիմակայությունը։

«Ներկայումս միջազգային հանրությունը գտնվում է առավել խոցելի դրության մեջ, պայմանավորված COVID-19 համավարակով, որը սանիտարական, տնտեսական և սոցիալական վնասներ է հասցնում աշխարհի բոլոր հատվածներում։ Այդ իրավիճակով պայմանավորված, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 2020 թվականի հուլիսի 1-ին ընդունեց 2532 բանաձևը, որում «կոչ է անում զինված հակամարտության մեջ ներգրավված կողմերին անհապաղ դադարեցնել թշնամական գործողությունները, ճանաչելով, որ հակամարտության իրավիճակներում ստեղծված բռնության և անկայունության պայմանները կարող են ծանրացնել համավարակը, և հակառակը, համավարակը կարող է ծանրացնել հակամարտության բացասական հումանիտար հետևանքները»։

Այդ պատճառով, 64-րդ գումարման Օրենսդիր մարմնի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հստակ կոչ է հղում Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտության խաղաղ կարգավորման համար՝ Միավորված Ազգերի Կազմակերպության վերը նշված բանաձևի հիման վրա առաջնությունը տալով բնակչության բարեկեցությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը»,- ասված է հայտարարության մեջ։