Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում. ՀՔԾ

Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է Երևանի նախկին քաղաքապետ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին։

«Իրավապահ համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նախքան ձերբակալելը Ռոբերտ Նազարյանից պահաջել են հարուցված քրեական գործերից մեկով ցուցմունք տալ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ՝ խոստանալով դադարեցնել նրա դեմ քրեական հետապնդումը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Նազարյանը հրաժարվել է՝ պնդելով, որ իրեն առաջարկող ցունցմունքը իրականությանը չի համապատասխանում և ինքը չի կարող ստորագրել դրա տակ, ինչից հետո նրան ձերբակալել են: Այս պահին ճնշումների միջոցով փորձում են ցուցմունք կորզել»,- գրել էր Hraparak.am-ը:

Ձերբակալման լուրը հաստատեցին նաև ՀՔԾ-ից:

«Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում»,- ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Այլ տեղեկություններ չհաղորդվեցին՝ նշելով, որ լրացուցիչ նորությունների դեպքում կտեղեկացնեն:

168.am-ի տեղեկություններով, սակայն, Ռոբերտ Նազարյանի ձերբակալությունը կապ չունի ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: