Մահացած հայերի թիվը հասել է 11-ի․ հայ համայնքի շրջանում ՀՀ վերադառնալ ցանկացողներ կան․ բեյրութցի գործիչը մանրամասներ է ներկայացնում. 168․am

«Բեյրութում տեղի ունեցած աննախադեպ պայթյունի հետևանքով մահացած հայերի թիվն այս պահի դրությամբ, դժբախտաբար, 11-ն է»,- 168am-ի հետ զրույցում ասել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ ներկայացնելով Բեյրութում վերջին ժամերին ստեղծված իրավիճակը, հայ համայնքի կրած վնասները և խոսելով Հայաստանի կառավարությունից ակնկալվող աջակցության մասին։

Շահան Գանտահարյանը ցավով արձանագրեց, որ զոհերի թիվն ավելանում է, արդեն հայազգի 11 զոհ կա, կան հարյուրավոր վիրավորներ, սակայն հստակ տվյալներ չկան, թե նրանցից քանիսն են հայ համայնքի ներկայացուցիչ։ Սակայն, նրա խոսքով, ընդհանուր պատկերն այս պահին այսպիսին է՝ ցավալի։

«Ահավոր մեծ նյութական վնասներ է կրել երկիրը, ավերածություններ՝ և բնակարանների, վաճառատների, և կենտրոնների, համայնքային կառույցների՝ լինի եկեղեցի, հոգևոր կենտրոն, թե կուսակցական, միութենական կենտրոններ, գրասենյակներ, մամուլի խմբագրություններ, այսինքն՝ համարյա թե բոլոր կենտրոնները կրել են ծանր վնասներ։ Ընդհանուր վնասը դեռ վաղ է հստակ թվերով նշել, բայց հետևանքը ծանր է ամեն առումով, այդ թվում՝ բարոյահոգեբանական առումով։ Ցնցումը բերել է մարդկանց մոտ հոգեցնցումներ, որովհետև սա աննախադեպ մասշտաբի, շատ հզոր, ուժգին հարված էր։ Քաղաքացիական պատերազմի ողջ ընթացքում նման բան չէր եղել, եղել էին հռթիռակոծումներ, կործանիչներ, ռմբակոծել էին օդուժը, ծովուժը, այսինքն՝ այս ամենը եղել էր այս երկրում, անցել էինք այդ բոլորով, սա իր ուժգնությամբ աննախադեպ էր, և մարդիկ սա արդեն հզոր երկրաշարժի հետևանքների հետ են համեմատում»,- ասել է նա։

Հարցին, թե ՀՀ կառավարությունից այս պահին ինչպիսի՞ աջակցություն է ակնկալվում, և ի՞նչ անհապաղ աջակցության կարիք ունի հայ համայնքը, Գանտահարյանը պատասխանեց, որ հարցը պետք է դիտարկել երկու ուղղություններով։

Առաջինը, նրա խոսքով, Երևան-Բեյրութ միջպետական հարաբերությունների առումով, որովհետև արդեն մտադրություն ունի Կառավարությունը Բեյրութը հայտարարել աղետի գոտի, և բազմաթիվ երկրներ արդեն իրենց պատրաստակամությունն են հայտնել օժանդակություններ տրամադրել Լիբանանին։ «Կան երկրներ, որ ոչ միայն հայտնել են, այլև գործնականորեն քայլեր կան՝ օդանավեր են ուղարկում բժշկական անձնակազմերով, շարժական հիվանդանոցներով, սնունդ, դեղորայք։ Կարծում եմ նաև՝ հումանիտար օժանդակության միջազգային առումով Լիբանանի բարեկամ երկրների շարքում Հայաստանը ևս կլինի և որոշակի առումով աջակցություն կապահովի։ Սա արդեն որոշակիորեն համաձայնեցված պետք է լինի համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովներով՝ ըստ առաջնահերթությունների և առաջնային պահանջների»,- ասաց լիբանանահայ գործիչը։

Երկրորդ ուղղությունը, ըստ Գանտահարյանի՝ հայ համայնքի ուղղությունն է։ Նա տեղեկացրեց, որ համայնքի շրջանում հայրենիք վերադառնալ ցանկացողներ կան։ «Սակայն առ այս պահը Երևան կարող են գալ միայն ՀՀ քաղաքացիները կամ կացության հատուկ կարգավիճակ ունեցողները։ Ուստի, կարծում եմ՝ պետք է այդ սահմանափակումը վերացվի, և  ցանկացած լիբանանահայ, անկախ այն հանգամանքից, ունի ՀՀ քաղաքացիություն, թե ոչ, պետք է հնարավորություն ունենա ցանկության դեպքում վերադառնալ Հայաստան, սա հումանիտար աղետ է, եթե նման ցանկություն կա, առանց սահմանափակման պետք է արտոնել, տալ այդ թույլտվությունն առաջին հերթին։ Մնացածը հայ համայնքի պատասխանատուների միջոցով բժշկական, դեղորայքային, սննդային օգնություն, ըստ ոլորտի, կարծում եմ՝ կարելի է համակարգել։ Այստեղ ՀՀ դեսպանը կապի մեջ է համայնքի պատասխանատուների հետ՝ և հոգևոր, և ազգային քաղաքական կուսակցական, և ըստ անհրաժեշտության գործողություններ կիրականացվեն»,- ասաց Գանտահարյանը։

Գնահատելով ՀՀ կառավարության աջակցության պատրաստակամությունն ու մինչ այս պահը ՀՀ գործողությունները՝ լիբանանահայ գործիչն ասաց, որ օրինաչափ է նման պատրաստակամությունը։

«Բայց այդ պատրաստակամության գործնական հատվածը համակարգելու խնդիր կա։ Օրինակ՝ վաղը Ֆրանսիայի նախագահը ժամանում է Լիբանան՝ տեղում զորակցելու և Կառավարությանը, և ժողովրդին, դրան կհետևեն նաև այլ գործնական քայլեր։ Մի կարևոր քաղաքական հանգամանք պետք է նկատի ունենալ, որ վերջին շրջանում Լիբանանը հայտնվել էր՝ ինչպես ֆինանսական և տնտեսական պաշարման մեջ, այլև՝ քաղաքական, քանի որ տարբեր պետությունների բարձրաստիճան պաշտոնյաները չէին այցելում Լիբանան։ Այս առիթով կարող է այդ պաշարման օղակը քանդվել, ինչը կարող է քաղաքական հնարավորություններ ստեղծել իրավիճակը հաղթահարելու համար։ Սրա մասին մի փոքր վաղ է նույնիսկ խոսելը, սակայն նման հնարավորություններ կան»,- ասաց Գանտահարյանը՝ ամփոփելով, որ անհապաղ գործնական քայլերի կարիք կա, երբ աղետի գոտի են հայտարարում, քանի որ նշանակում է հումանիտար արտակարգ իրավիճակ, ինչը ենթադրում է հումանիտար օգնության շտապ կազմակերպման անհրաժեշտություն։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ, զորակցություն և ցավակցություն հայտնելով երեկվա պայթյունի և զոհերի կապակցությամբ՝ ՀՀ օգնություն առաջարկելով Լիբանանի եղբայրական ժողովրդին։ Ըստ Փաշինյանի՝ Լիբանանի կառավարության կարիքների գնահատումից հետո ՀՀ կառավարությունը կկայացնի որոշումներ՝ ըստ անհրաժեշտության։