ԱՀ ԱԺ նախագահը ցավակցություն է հայտնել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցություն է հայտնել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։

«Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկային կորուստների ցավն անչափելի մեծ է և դաժան:

Արցախի խորհրդարանի և անձամբ իմ անունից վշտակցություն ենք հղում Լիբանանի իշխանություններին և ժողովրդին, որոնց մեջ նաև մեր ազգակիցներն են. տոկունություն և ոգու ամրություն ձեզ՝ այդ արհավիրքի ցավը մեղմելու համար»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Թովմասյանը։

Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Առաջին պայթյունը որոտացել է քաղաքային նավահանգստում, տեղական ժամանակով երեկոյան 18:00-ից հետո: Րոպեներ անց, ըստ որոշ հրապարակումների, ավելի մեծ պայթյուն է որոտացել: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել էր պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է:

Վերջին տվյալների համաձայն՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վիրավորվել է ավելի քան 4 հազար մարդ:

Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։