Բեյրութի նավահանգստում որոտացած աղետալի պայթյունի ահռելի մասշտաբը (տեսանյութ)

Բրիտանական The Guardian պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որն արվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում նախօրեին տեղի ունեցած հզոր պայթյունից հետո և թռչնի թռիչքի բարձրությունից ցույց է տալիս աղետի ահռելի մասշտաբը:

Տեսանյութն արվել է անօդաչու թռչող սարքի միջոցով:

Պայթյունի հասցրած նյութական վնասի չափը դեռևս չի գնահատվել, սակայն ակնհայտ է, որ Լիբանանին ուշքի գալու համար երկար ժամանակ կպահանջվի:

Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վիրավորները 4000-ից ավելի են: Զոհերի մեջ կա 6 հայ:

Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Առաջին պայթյունը որոտացել է քաղաքային նավահանգստում, տեղական ժամանակով երեկոյան 18:00-ից հետո: Րոպեներ անց, ըստ որոշ հրապարակումների, ավելի մեծ պայթյուն է որոտացել: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել էր պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է:

Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։

Տեսանյութը՝