Բոզին բոզության մեջ են բռնում, ասում է` ես բոզ չեմ, գողին գողության մեջ են բռնում, ասում է` ես գող չեմ (տեսանյութ)

Որպեսզի Արայիկ Հարությունյանին չպարգևենք մեզ դատի տալու հաճույքը, նախապես ընդգծենք` ինքը վերոնշյալներից մեկնումեկը չէ

Եվ դեռ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյա՞նն է խոսում ստից ու կեղծիքից…

Հիշյալ պաշտոնյան ս. թ. հուլիսի 27-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում (տեսանյութը` այստեղ) անդրադարձավ առարկայական չափորոշիչների առնչությամբ նախարարության նկատմամբ առկա մեղադրանքներին։ Արայիկ Հարությունյանը նախ դիմեց մանիպուլյացիոն հնարքի` փորձելով բացատրել, թե ինչու են առարկայական չափորոշիչներն այժմ բուռն քննարկման առարկա դարձել:

Ըստ Հարությունյանի, դա նրանից է, որ նախկինում առարկայական չափորոշիչները շատ քիչ են քննարկվել և լայն շրջանակների սեփականություն չեն դարձել: Սակայն բուն պատճառը ներկայացնելու փոխարեն, թե առարկայական չափորոշիչներն այժմ ինչու են բուռն քննարկման արժանացել և դարձել հանրության լայն շրջանակների սեփականությունը (իսկ բուն պատճառն այն է, որ այդ չափորոշիչները խիստ խնդրահարույց են), ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնողը փորձելով թաքցնել վերոնշյալ պատճառը, չափորոշիչների ներկայիս բուռն քննարկումը բացատրեց իրենց սկզբունքային դիրքորոշմամբ, որ Հանրակրթության պետական չափորոշիչը, այնուհետև նաև առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը լայն քննարկում անցնեն, լայն ներգրավվածություն լինի:

Հարությունյանի ասածից ստացվում է, որ իրենց «դեվիզը» «գլաստնոստն» է: Իսկ, ի՞նչ է, նախկիններն իրենց ժամանակ մշակված հանրակրթության կամ առարկայական չափորոշիչները թաքցրե՞լ են, խոչընդոտե՞լ են մասնագետների և հանրության շրջանում դրանց լայն քննարկմանը, մասնագետների և հանրության լայն ներգրավվածությանը նշված քննարկմանը: Ո՛չ, պարզապես կրթության այն ժամանակվա պատասխանատուների մշակած չափորոշիչներն այս աստիճան մեծ խնդիր, անհանգստություն, տագնապ և քննարկման անհրաժեշտություն չեն առաջացրել:

«Մեզ ավելի մեծ մեղք են վերագրում. ասում են՝ «հայ գրականություն» անվանումից հանում եք «հայ»-ը»,- ասաց ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնողը:- Ես ուզում եմ հասկանալ, թե այսչափ կեղծիքը և սուտը որտեղի՞ց է գալիս։ Ընդ որում, այդ սուտն ու կեղծիքը հնչում է կարևոր հետազոտական և բուհական կենտրոններից, և նույնիսկ էն դեպքում, երբ դու հերքում ես, հերքում ես տարածում, որ այդպիսի բան չկա, իրենք շարունակում են դա անել։ Հիմա սույն պարոնը, որն ամենաշատն է քննադատում, դասագիրք է էսպիսի գրել ժամանակին, Դավիթ Գասպարյան, և իր դասագրքի վերնագրում «հայ» բառ չկա: Նույնը` 8-րդ դասարանում, նույնը` 9-րդ դասարանում:

Ես ուզում եմ հասկանամ՝ այդ մանիպուլյացիաներն ու կեղծիքները ինչի՞ համար են, որ ստվերեն ամբողջ էս գործընթա՞ցը, չի հաջողվելու» (խոսքի մեջբերումը բառացի է)։

Ի գիտություն Արայիկ Հարությունյանի. հաջողություն չեն ունենալու իր մանիպուլյացիաներն ու կեղծիքները: Իսկ փաստերը սրանք են. այո՛, 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանների դասագրքերի անվանումն է «Գրականություն», և ոչ թե` «Հայ գրականություն», քանի որ դրանք, ինչպես գրված է, օրինակ, 7-րդ դասարանի դասագրքի սկզբնամասում տվյալ դասագրքի վերաբերյալ, «Ծանոթություն է տալիս 20-րդ դարի հայ գրականության և համաշխարհային գրականության առանձին ներկայացուցիչների կյանքի ու ստեղծագործության մասին» (ընդգծումը` մերը):

ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնողը, սակայն, «մոռացավ» ասել, որ 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանների դասագրքերին զուգահեռ, գոյություն ունեն նաև 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների դասագրքերը, որոնք կոչվում են «Հայ գրականություն», և որ նշվածներից 11-րդ դասարանի դասագրքի երկու հեղինակներից մեկը դարձյալ նույն Դավիթ Գասպարյանն է (ահավասիկ` Հայ գրականություն, հանրակրթական դպրոցի 11-րդ դասարանի դասագիրք, Դավիթ Գասպարյան, Ժենյա Քալանթարյան, Երևան, «Արևիկ» հրատարակչություն, 2010, դասագրքին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ. https://fliphtml5.com/fumf/euqg):

Հանրակրթական դպրոցի 10-րդ դասարանի «Հայ գրականություն» առարկայի դասագրքին (Հենրիկ Բախչինյան, Սերգեյ Սարինյան, Երևան, «Արևիկ» հրատարակչություն, 2009) կարող եք ծանոթանալ https://fliphtml5.com/fumf/qafu հղմամբ, իսկ ավագ դպրոցի ընդհանուր և բնագիտա-մաթեմատիկական հոսքերի 12-րդ դասարանի «Հայ գրականություն» առարկայի դասագրքին (Ա. Եղիազարյան, Երևան, ՄԱՆՄԱՐ, 2011)` https://fliphtml5.com/fumf/zscm հղմամբ, և համոզվել, որ դրանք նույնպես կոչվում են ոչ թե «Գրականություն», այլ «Հայ գրականություն»:

Ա՛յն, որ 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների «Հայ գրականություն» առարկայի դասագրքերի անվանումից «հայ» բառը հանված է, բնավ էլ մանիպուլյացիա, կեղծիք ու սուտ չէ, ինչպես ներկայացրեց Արայիկ Հարությունյանը, մանիպուլյացիան, կեղծիքն ու սուտը հակառակը հայտարարելը, պնդելն է: Առաջիկայում հանրային բուռն քննադատությունից, հասարակական մեծ ճնշումից հետո բացառված չէ, որ 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների համապատասխան դասագրքերի անվանման մեջ «հայ» բառը վերականգնվի, սակայն փաստն այն է, որ հանրակրթական դպրոցի 7-12-րդ դասարանների համար Հանրակրթության հայոց լեզվի և գրականության չափորոշչի և ծրագրերի մշակման աշխատանքային խմբի մշակած ու հենց ԿԳՄՍ նախարարության հրապարակած գրականության ծրագրում (տես` վերևից 9-րդ էջի վրա) տվյալ առարկայի անվանումը, ընդգծում ենք, ոչ թե «Հայ գրականություն» է, այլ «Գրականություն»:  Առարկան 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների համար «Գրականություն» է անվանված նաև ԿԳՄՍ նախարարության կայքում հրապարակված «Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագծում (Գրականություն)»:

Նույն հարցազրույցում անդրադառնալով մեկ այլ հարցի` կապված այն քննադատության հետ, որ «Հայ գրականություն» առարկայի դասագրքերում չեն լինելու մեր մեծերը` Նարեկացի, Քուչակ…, Հարությունյանն ասաց.

«Բոլորն են լինելու, մենք դրա մասին խոսել ենք։ Մենք հերքել ենք բոլոր էդ տեղեկությունները, որ նրանք դուրս են գալիս ծրագրերից, բայց դրանից հետո շարունակում են կեղծիքները մամուլում: Ես ուզում եմ մեր հասարակության և հանրության ուշադրությունը հրավիրել սրա վրա, խնդրել, որպեսզի այդ սադրանքներին չտրվեն, որովհետև ես նկատում եմ սոցիալական ցանցերում էսպես մեղադրանքներ կա` մեր, ուրեմն, հայրենասիրական ոգին կոտրում եք` մեր դասականներին հանելով, պատմությունը ջնջում եք` որոշ էջեր ջնջելով: Էդպիսի բան չկա»:

Իսկ ո՞րն է իրականությունը… Դժվար չէ ծանոթանալ Հանրակրթական դպրոցի 7-12-րդ դասարանների համար գրականության ծրագրին` հրապարակված հենց ԿԳՄՍ նախարարության կայքում, նշված դասարանների բոլոր թեմաների բովանդակությանն ու համոզվել, որ այդ ծրագրում և թեմաներում ընդգրկված չեն ոչ միայն Գրիգոր Նարեկացին, Նահապետ Քուչակը, այլև Ներսես Շնորհալին, ինչպես ս. թ. հուլիսի 24-ի պարզաբանմամբ հայտարարել է ԿԳՄՍ նախարարությունը: Ավելին. հանրակրթական դպրոցի 7-12-րդ դասարանների գրականության ծրագրում և թեմաներում ընդգրկված չեն նաև Մեսրոպ Մաշտոցը,Կորյունը, Դավիթ Անհաղթը, Ուռհայեցին, Կոնստանդին Երզնկացին, Նաղաշ Հովնաթանը, Մկրտիչ Պեշիկթաշլյանը, Ֆրիկը, Ղևոնդ Ալիշանը, Սիամանթոն, Երվանդ Օտյանը, Ռուբեն Սևակը, Գաբրիել Սունդուկյանը, Պերճ Պռոշյանը, Արշակ Չոպանյանը, Ռափայել Պատկանյանը, Սմբատ Շահազիզը:

Բոլորովին այլ խնդիր է, որ հետագայում մասնագիտական ու հանրային մեծ քննադատությունից հետո 7-12-րդ դասարանների «Գրականություն» առարկայի ծրագիրը լրամշակելով, թեմաների բովանդակության մեջ հիշյալ հեղինակներից մի քանիսը (Գրիգոր Նարեկացին, Նահապետ Քուչակը, Ներսես Շնորհալին) ներառվել են (նախարարության հիշյալ պարզաբանման մեջ 7-12-րդ դասարանների «Գրականություն» առարկայի ծրագրում այլ հեղինակների ներառված լինելու մասին որևէ տեղեկություն չկա), իսկ թե վերը նշված հեղինակներից մյուսներն առաջիկայում կներառվե՞ն թե ոչ, առայժմ անհայտ է:

Արթուր Հովհաննիսյան