Ձերբակալված է ԱՄՆ-ի և Իսրայելի համար աշխատող հակաիրանական ահաբեկիչներից մեկը

Թաքցնել պետք չէ. մենք դեռ չենք հասկանում, թե ինչ է կատարվում Իրանի հյուսիսում: Մոտ 3-4 օր առաջ Իրանի բոլոր առաջատար ԶԼՄ-ները՝ սկսած IRIB պետական ​​ռադիոհեռուստատեսային կորպորացիայից, հաղորդել էին, որ իրանական հետախուզությունը խափանել է Կասպից ծովի ափին գտնվող Ռուսաստանի հյուպատոսության՝ Ռեշտ քաղաքի գլխավոր հյուպատոսության դեմ պլանավորված ահաբեկչական հարձակումը: Բայց 10-12 ժամ անց հանկարծ Թեհրանում Ռուսաստանի դեսպանատունը մի փոքր շտապողաբար և նույնիսկ կտրուկ արձագանքել է՝ հայտարարելով, որ իրենց ոչինչ հայտնի չէ Ռեշտում գլխավոր հյուպատոսության դեմ ահաբեկչական հարձակման վտանգի մասին, և, չունենալով տեղեկություններ, դեսպանատունը չի մեկնաբանում «ասեկոսեները»:

Այժմ Իրանում Ռուսաստանի դեսպանատան հայտարարությունն անտեղի անհեթեթություն է թվում: Չէ՞ որ, իրանական լրատվամիջոցները ի սկզբանե հաղորդել էին, որ Ռեշտում ահաբեկչական հարձակումը կանխելով՝ ձերբակալվել է ահաբեկիչ և իսրայելական «Մոսադ» հատուկ ծառայության գործակալ, ոմն Ջամշիդ Շարմահդը, ով վայելում էր նաև ԱՄՆ հատուկ ծառայությունների աջակցությունը:

Եվ ահա օգոստոսի 2-ին Իրանի հետախուզության նախարար Սեյեդ Մահմուդ Ալավին հայտարարել է, որ վերջերս երկրի անվտանգության ուժերի բարդ գործողությունը, որը հանգեցրել է ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ջամշիդ Շարմահդի ձերբակալությանը, հարված է հասցրել Միացյալ Նահանգներին. «Նրան մեծապես աջակցում էին ամերիկյան և իսրայելական հատուկ ծառայությունները, և նրանք քիչ հավանական էին համարում, որ Իրանի հետախուզության նախարարությունը կարող է բարդ գործողությունների միջոցով ներթափանցել իրենց հովանոցային աջակցության ներքո և ձերբակալել նրան Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ բարդ գործողության միջոցով»,- հայտնում է Tasnim News գործակալությունը: Այնուհետև, նախարար Ալավին հաղորդել է. «Ջամշիդ Շարմահդը և նրա գործընկերները ծրագրել են շուրջ 27 ահաբեկչական հարձակում, որոնք բոլորը խափանվել են Իրանի հետախուզական ուժերի համառության, զգոնության և բանիմացության շնորհիվ: Մի օր … երբ ոմանք սպառնում էին հեռախոսով բռնել նրան (այսինքն՝ Շարմահդին), նա պատասխանել է, որ իր նստավայրը գտնվում է ԱՄՆ ՀԴԲ վեցերորդ հարկում․ նա նկատի ուներ, որ նրանք չեն կարողանա ձերբակալել իրեն», – ասել է նախարարը: Ալավին հավելել է, որ այն մարդը, որն իրեն համարում էր ՀԴԲ-ում նստած, այժմ գտնվում է իրանական հետախուզության գործակալների ձեռքում:

Ի՞նչ է «Ջամշիդ Շարմահդը», և ինչո՞ւ է Իրանի հետախուզության նախարարությունը վստահորեն հյատարարում, որ հակահետախուզական ուժերը «ծանր և լուրջ հարված» են հասցրել ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական ծառայություններին: Իրանում այս անվան տակ նույնականացվում է ԱՄՆ-ում տեղակայված «Թոնդար» («Ամպրոպ») ահաբեկչական խմբավորման  առաջնորդը: Այս խումբը համարվում է «Իրանի Շահի Վեհաժողովի» շարունակությունը, և նախկինում արևմտյան ԶԼՄ-ներում այն անվանում էին նաև՝ «Շահի Վեհաժողովի զինվորներ», «Իրանի միապետական ​​կոմիտե» և այլն: Արդեն պարզ է, որ դա իրանական ընդհատակյա միգրացիոն միապետական ​​հակաիսլամական կազմակերպություն է, և հենց այդ պատճառով նրան աջակցում են Միացյալ Նահանգների և Իսրայելի հատուկ ծառայությունները: Իրանի հատուկ ծառայությունները այս վարձկաններին առաջին հարվածը հասցրել են դեռևս 2007-ի հունվարին, երբ թուրք-իրանական և իրաքա-իրանական սահմաններում զինված սադրանք իրականացնելու փորձի ժամանակ «անհետացել են» «Թոնդարի» հեղինակավոր առաջնորդներ Ֆրուդ Ֆուլավանդը, Իսկանդեր Վալիզոդան և Նազիմ Ահանգարը: Դրանից հետո և ասպարեզում է հայտնվել այս խմբի անդամ Ջամշիդ Շարմահդը, որը ստվերում էր Ֆուլավանդի, Վալիզոդայի և Ահանգարի գործունեության ֆոնին: Պատերազմը չէր ավարտվել. մեկ տարի անց «Թոնդարը» «պատասխան հարված է հասցրել». խմբին պաշտոնապես մեղադրում են 2008 թվականի փետրվարի 12-ին Շիրազում Հոսեյնիյե-Շոհադ մզկիթը պայթեցնելու համար, տասնչորս մարդ զոհվել է, ավելի քան երկու հարյուրը՝ վիրավորվել… 2010-ի հունվարի 12-ին Թեհրանում սպանվել է ֆիզիկոս Մասուդ Ալիմոհամադին, որն աշխատում էր իրանական միջուկային ծրագրում և այլն: Տեղեկացնենք նաև, որ այս ահաբեկչական խմբավորումը 2008-ի մայիսին ևս պլանավորում էր ահաբեկչություն իրականացնել Ռեշտում ՌԴ գլխավոր հյուպատոսության դեմ, սակայն 12 տարի առաջ ևս հանցագործության փորձը կանխվել է…

Ինչպես հաղորդել է IRIB-ը՝ վկայակոչելով աղբյուրները, խմբավորման անդամները նաև ծրագրել էին քիմիական և կենսաբանական զենքի օգտագործմամբ ահաբեկչական գրոհներ իրականացնել Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսում: Թեհրանում հայտարարել են, որ ԱՄՆ իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն Իրանի դեմ գործող ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու համար: Ինչպես նշել են Իրանի արտգործնախարարությունում՝ Միացյալ Նահանգները հայտարարում է, որ հանդես է գալիս իրանական ժողովրդի կողքին, բայց միաժամանակ աջակցում է ահաբեկիչներին: Միևնույն ժամանակ, տեղեկություններ չկան, թե կոնկրետ որտեղ է ձերբակալվել Շարմահդը, չնայած հայտնի է, որ երկար ժամանակ ահաբեկիչը թաքնվում էր Գերմանիայում, իսկ վերջին տարիներին՝ թաքնվում էր Լոս Անջելեսում: Բայց գրեթե թափանցիկ ակնարկ կա (իրանական ԶԼՄ-ներում), որ Իրանի հատուկ ծառայությունները Շարմահդին ձերբակալել են ԱՄՆ-ում և տարել հայրենիք: Օրիգինալ չենք լինի, եթե ենթադրենք, որ ահաբեկչին սպասվում է դատավարություն և մահապատժի դատավճիռ, ընդ որում՝ մահապատիժը հրապարակային է լինելու, ինչպես ահաբեկիչ,  «Ջունդուլլահ» խմբավորման առաջնորդ Աբդուլմալիկ Ռիգիի դեպքում՝ 2010 թվականին։

Մնում է ընդամենը մեկ հարց. ինչպե՞ս է այժմ Թեհրանում ՌԴ դեսպանատունը կամ նույնիսկ Ռուսաստանի ԱԳՆ մեկնաբանելու Իրանի հետախուզության նախարար Ալավիի պաշտոնական հայտարարությունը։ Կամ արդեն վաղը հենց նրա՝ Շարմահդի խոստովանությունները։ Միացյալ Նահանգների և Իսրայելի գործակալը ցանկանում էր հարձակվել Ռուսաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչության վրա, և Մոսկվան չի «լռի»:

Սերգեյ Շաքարյանց