Դիլիջանի ԲԿ-ում Covid-19-ի բաժանմունքն այլև չի գործում. դուրս է գրվել վերջին ապաքինված բուժառուն

Դիլիջանի բժշկական կենտրոնում բացված Covid-19-ի բաժանմունքն այլևս չի գործում, կենտրոնը վերադառնում է իր նախկին աշխատանքային ռեժիմին: Այս մասին նշված է Դիլիջանի բժշկական կենտրոնի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:

«Ուրախությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի նվազման հետ կապված՝ Դիլիջանի բժշկական կենտրոնը վերադառնում է իր նախկին աշխատանքային ռեժիմին: Հպարտությամբ ենք նշում, որ մենք նույնպես մեր փոքր լուման ենք ներդրել այս վարակի դեմ լարված և անձնվեր պայքարում, որ տարվում է ողջ հանրապետությունում, և պատվով ենք կատարել մեր առջև դրված խնդիրները: Ուզում ենք խորին շնորհակալություն հայտնել այն անձանց, որոնք ներգրավված են եղել այդ հերոսական աշխատանքում՝ բժիշկներին, բուժքույրերին, բուժակներին, մայրապետներին, ախտորոշիչ բաժանմունքի աշխատակիցներին, սննդի մատակարարման աշխատողներին, կազմակերպիչներին: Դիլիջանի բժշկական կենտրոնում բացված Covid-19 բաժանմունքը օգոստոսի 1-ից այլևս չի գործում: Շենքն ամբողջությամբ ախտահանվել է, գործում է նախկին բնականոն հունով և պատրաստ է ընդունել պացիենտներին»,- նշված է հայտարարության մեջ:

2020 թվականի հունիսի 12-ից հուլիսի 31-ը Դիլիջանի բժշկական կենտրոնում բուժում է ստացել կորոնավիուսային հիվանդությամբ 200 բուժառու:

Հայաստանում օգոստոսի 4-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39 298 դեպք, որոնցից 30 372-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7 930 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 168 164 թեստավորում: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 768 քաղաքացի: Արձանագրվել է նաև մահվան 228 դեպք, երբ բուժառուներն ունեցել են հաստատված կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը հուլիսի 13-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հուլիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև օգոստոսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

‼️‼️‼️Հարգելի այցելուներ,Ուրախությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի նվազման…

Опубликовано Դիլիջան Բժշկական Կենտրոն / Dilijan MC Вторник, 4 августа 2020 г.